Հավանաբար շատերը լսած կլինեն այն մասին, որ գարնան վերջին ամիսներից սկասած' Հայաստանի Հանրապետությունում մտցվել է հատուկ ռեժիմ' խնայողություններ կատարելու, ազատված միջոցները կենսական խնդիրների լուծմանն ուղղորդելու, բանակի համար զենք գնելու ու էլի նմանատիպ լավ-լավ բաներ անելու համար:
Խնայողություններ կատարելու ցանկությունն այնքան բուռն էր կառավարության մոտ, որ անգամ Հ. Աբրահամյանը հատուկ որոշում էր ընդունել պետական գերատեսչություններին պատկանող տրանսպորտային միջոցների մասին' հրահանգելով արագորեն ազատվել բոլոր այն մեքենաներից, որոնք չարդարացված ճոխություն կարող էին համարվել մի երկրի համար, որ նոր-նոր էր դուրս եկել պատերազմի կրակներից ու փորձում էր ինքնամաքրվել. ինչքան «պազիկ ու «կատաֆալկա» կար, կրճատեցին ու հպարոտերն հայտարարեցին, թե բյուջե են խնայում, հոգ տանում մի բուռ հայրենիքիք մասին:
Հայրենիքի նկատմամբ աննախադեպ հոգածության վերջին դրսևորումն էլ, թերևս, կարելի է համարել սոցփաթեթների այլանդակումը, երբ հանգստի բաղադրիչը հայրենի կառավարության հատուկ որոշմամբ կրճատվեց: Բանից պարզվում է, սակայն, որ նույն այն մարդիկ, որոնց անմիջական նախաձեռնությամբ Հայաստանում մտցվեց հատուկ մշակված խնայողական ռեժիմ, ամենևին էլ տրամադրված չեն' սեփական օրինակով ցույց տալու հասարակությանը, թե ինչպիսի գործնական դրսևորումներ կարող է ունենալ հայտարարածը մարդկային կենցաղում. ինչպես տեղեկանում ենք պետական գնումների մասին պատմող կայքից, կառավարությունը նպատակադրվել է ձեռք բերել ավտոմեքենայի'թվով 4 հատ անիվ'յուրաքանչյուրը 464000 դրամ արժողությամբ, բոլորը միասին' 1856000 դրամ: Իսկ անիվներն այս, պարզվում է նախատեսված են հենց Հովիկ Աբրահամյանի' թանկարժեք ու շքեղ ծառայողական մեքենայի համար. հարց` ո՞ւր կորավ Հովիկ Աբրահամյանի ժուժկալությունն ու հոգածությունը`հայ ժողովրդի նկատմամբ…
Արդյոք ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ «պազիկ» ու «կատաֆալկա» կրճատելուց առաջ վարչապետը սկսեր ինքն իրենից ու սեփական օրինակով ցույց տար կերպն ու ձևը, թե ինչպես է պետք խնայել հարկատուներիս սուղ միջոցներն ու ասենք թանկարժեք «պադավատը» փոխարիներ մի փոքր ավելի համեստ փոխադրամիջոցով:
Թե սրանից հետո ինչպես է կառավարությունը կանգնելու ու ասելու' նոր Ընտրական օրենսգիրքը կյանքի կոչելու համար փող չունենք, դժվար երևակայելի է, քանի որ ինչպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էր մի նմանատիպ առիթով ասել, եթե կառավարությունն իրեն կարող է նման ճոխ ծախսեր թույլ տալ, այդ դեպքում ինչո՞ւ են իրենցից օգնություն ակնկալում…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ