Այսօր ՀՀԿ նորաբաց մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանը, ով անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններին, Նշեց, որ Հայաստանը բանակցային գործընթացում գնում է բանական փոխզիջումների, որոնք չեն կարող հարցականի տակ դնել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման եւ սեփական պետություն ունենալու իրավունքը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը եղել է եւ հետագայում էլ կլինի երկրորդ հայկական պետություն:
«ԼՂՀ Սահմանադրությունը իր անցումային դրույթով տալիս է հետեւյալ ձեւակերպումը. մինչեւ ԼՂՀ խնդրի վերջնական կարգավորումը, սահմանների ճշգրտումը եւ ամբողջականության վերականգնումը ԼՂՀ իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որոնք փաստացիորեն գտնվում են ԼՂՀ վերահսկողության տակ»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով ադրբեջանական քաղաքական ուժերի պարբերաբար արվող հայտարարություններին՝ նա նշեց, որ Ադրբեջանն իր այդ ապակողմնորոշիչ հայտարարություններով նպատակ ունի նաեւ ազդեցություն գործել Հայաստանի ներքին իրավիճակի վրա:
«Եթե նախկինում մենք ասում էինք, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականությանը չհամապատասխանող ձեւակերպումները իրենց ներքին լսարանի համար ծառայում են որպես քարոզչական միջոց, ապա վերջերս մի տենդենց էլ եմ նկատել: Իմ դիտարկմամբ՝ Հայաստանի մրցակցային հատկություններից մեկը Ադրբեջանի նկատմամբ բաց եւ ազատ հասարակության առկայությունն է, եւ Ադրբեջանն ուզում է այդ առավելությունը օգտագործել մեր իսկ դեմ: Ընդհանուր կոնտեքստից կտրված հայտարարություններն այժմ երկու նպատակ ունեն՝ որպես Ադրբեջանի հասարակության համար հերթական քարոզչական հնարք եւ, իմ կարծիքով, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մակարդակից օգտվելով, մեր երկրի ներքին իրավիճակը սրելու փորձ»,-ասաց կուսակցության փոխնախագահը: