Իրանական «Անմահը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթում:
Կինոնկարի ռեժիսորը' Սեյեդ Հադի Մոհագեգը, առաջին անգամ է մասնակցում կինոփառատոնին: Սա իր երկրորդ ֆիլմն է, որ բավականին դժվարությամբ և քիչ բյուջեով է նկարահանել' երեսուն հազար դոլարով: Ռեժիսորը, սակայն, այն կարծիքին է, որ գումարը ամենակարևորը չէ, և փոքր բյուջեով ֆիլմ նկարելն ուղղակի փորձ է պահանջում: Կինոռեժիսորը մտածում է, որ քիչ գումար ունենալու դեպքում լավ սցենարն է օգնում ստանալ հաջողված ֆիլմ:
«Այս տեսակ ֆիլմերը, ինչպես «Անմահը», Իրանում այնքան էլ ընդունելի չեն, որովհետև այսօրվա մարդը հոգնածության ու անհանդուրժողականության է հասել»,- ասաց իրանցի կինոռեժիսորը: Նրա խոսքով' հոգնածության պատճառը մարդկանց մեխանիկական դարձած կյանքն է, որն անխուսափելի է: Նա նաև կարծում է, որ հիմա մարդիկ ֆիլմերում նախընտրում են տեսնել կարճ տեսարաններ ու կրքոտ պատմություններ:
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցությանը' Մոհագեգը նշեց, որ Աբաս Քիառուստամիի նման մեծ ռեժիսորները ներկայացրել են իրենց ֆիլմերն այս փառատոնին և ինքն էլ ուշի-ուշով հետևում է «Ոսկե ծիրան»-ին: