ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և անձամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որպես Հայաստանի Հանրապետության և բանակցային գործընթացում Արցախի արտաքին քաղաքական շահերը, հետաքրքրությունները, իրավունքները ներկայացնող ու պաշտպանող մարմին ու պաշտոնյա, արցախյան հիմնախնդրի համատեքստում հայկական շահերի պաշտպանության համար մի շարք դեպքերում չեն կատարել ու չեն կատարում իրենց գործառույթները: Նրանք հերթական հիմքն են տվել մտածելու, որ այդ հարցում իրենց անգործությամբ կարծես նենգադուլ են իրականացնում: Չե՞ք հավատում… Ահավասիկ…

 

Այս ամսվա ուղիղ կեսին հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18-ին այցելելու են Թուրքիայի մայրաքաղաք Անկարա և քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Վերջինս ասել է նաև, որ Մինսկի խմբի համանախագահները թուրքական կողմին տեղեկացնելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի մասին:

 

Միանգամայն ենթադրելի է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որպես բանակցությունների կողմ և Մինսկի խմբի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, վերոնշյալ հանդիպման մասին հուլիսի 15-ից փոքր-ինչ ավելի վաղ է իմացել (հուլիսի 15-ին «շարքային մահկանացուներս» էլ իմացանք), եթե, իհարկե, Մինսկի խմբի համանախագահներից կամ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներից գոնե մեկնումեկը նրան կամ մեր երկիրը հարգելով, ավելի վաղ տեղեկացրել է այդ մասին:

 

Լավ, ընդունենք, թե ՀՀ արտգործնախարարն էլ մեզ նման հուլիսի 15-ին է իմացել այդ մասին: Հարգելի ընթերցողներ, ձեզանից որևէ մեկը հուլիսի 15-ից առաջ կամ հետո կարդացել կամ, թեկուզ, լսե՞լ է ՀՀ արտաքին գործերի նախարարի կամ նախարարության բողոքը, հայտարարությունը կամ գոնե կեսբերան դժգոհությունը, որ հայկական կողմի համար անընդունելի է Հայոց ցեղասպանություն իրագործած ու չճանաչող, արդեն ավելի քան երկու տասնամյակ Հայաստանը շրջափակած և Ադրբեջանին զինող, մեզ թշնամի պետություն և Լեռնային Ղարաբաղի հարցում հօգուտ Ադրբեջանի շահագրգիռ կողմ հանդիսացող, Հայաստանին քանիցս սպառնացած Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարց քննարկելը Թուրքիայի համապատասխան պաշտոնյաների հետ, դա ուղղակի անհեթեթություն է, նոնսենս է և միանշանակ անթույլատրելի' անկախ այն հանգամանքից, որ Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ է: Ես որ ոչ կարդացել եմ, ոչ էլ լսել, թե դուք մի բան կարդացել կամ լսել եք, իմաց տվեք: Միակ տեղեկությունը, որ հրապարակվել է ս. թ. հուլիսի 15-20-ի ընթացքում ՀՀ արտգործնախարարի հրապարակային գործունեության (հանդիպումների, քննարկումների, ելույթների, հայտարարությունների, հարցազրույցների, մեկնաբանությունների) վերաբերյալ, այն է, որ Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեին (նստավայրը՝ Թբիլիսի), ու մի քանի տող, թե ինչ է ասվել և եղել նշված հանդիպման ընթացքում:

 

Ուշագրավ է, որ Չավուշօղլուն հերթական կողմնապահ հայտարարությունն է արել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ. «Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի կայցելեն Անկարա: Մենք կհանդիպենք նրանց և կառաջարկենք սատարել Ադրբեջանի դիրքորոշումը»: Սրանից պարզ էլ ի՞նչ ասի…

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կամ նախարարը պարտավոր էր պաշտոնական ու հրապարակային հայտարարությամբ իր անհամաձայնությունը հայտնել վերոնշյալ հանդիպման ու քննարկման կապակցությամբ, սակայն չհայտնեց: Չհամարձակվե՞ց, թե հայկական շահերի պաշտպանը չէ' ինքը գիտե:

 

ՀՀ արտգործնախարարությանը և Էդվարդ Նալբանդյանին, եթե մոռացել են, հիշեցնենք, որ Թուրքիան և Ադրբեջանն այն պետություններն են, որոնք քանիցս հայտարարել են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի մասին, միասին հայոց պատմությունն են կեղծում, միասին զորավարժություններ իրականացնում, սպառնում Հայաստանին: Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը անցյալ ամիս հանդիպելով երկրում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորած պատվիրակության հետ, ըստ Trend-ի հաղորդման, ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանի համար ցավագին խնդիր հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության հարցում մշտապես եղել է Ադրբեջանի կողքին:

 

Յըլդըրըմն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մշտապես կլինի Ադրբեջանի կողքին, և Թուրքիան ու Ադրբեջանը միասին «կարող են լուծել ցանկացած խնդիր»:
Ինչպես արդեն հայտնի է, Թուրքիա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը և Ղարաբաղի վերաբերյալ քննարկումները հետաձգվել են Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով առաջացած լարված և վտանգավոր իրավիճակի պատճառով:

 

«Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հետաձգվել են,- «РИА Новости» լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:- Այս պահին մենք քննարկում ենք հաջորդ հանդիպման ամսաթիվը»:

 

Փաստորեն Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հնարավորություն է տվել մինչ այժմ չարած գործն անելու, այսինքն' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Թուրքիայում ու թուրք պաշտոնյաների հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի քննարկումը Հայաստանի համար անընդունելի համարող հայտարարությամբ հանդես գալու: Կասկած չունեմ, որ գոնե այս քննադատությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգան այդպիսի հայտարարությամբ, եթե, իհարկե, ՀՀ արտաքին քաղաքական շահերի, հետաքրքրությունների, արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում հայկական կողմի շահերի պաշտպանության նկատմամբ նենգադուլ չի իրականացնում:

 

Արթուր Հովհաննիսյան