Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը պարզաբանող հայտարարություն է տարածել' հայկական լրատվամիջոցներից մեկով իր հնչեցրած խոսքը սխալ մեկնաբանելու հետ կապված: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

 

«Վերջին տարիներին լրագրողների մի մասի մոտ սովորություն է լուր հաղորդելու փոխարեն արհեստական կոնֆլիկտներ ստեղծել' շատ դեպքերում դիմելով անգամ խեղաթյուրումների: Նման կերպ իրենց սոցկայքերում այցելություններն են ավելացնում, սակայն միևնույն ժամանակ հանրությանը մոլորության մեջ են գցում: Վերջին օրերի դեպքերի հետ կապված մամուլի ասուլիսներում հնչած խոսքերը լրագրողները երբեմն իրենց ցանկությամբ են մեկնաբանում ու ներկայացնում: Նման կերպ վարվեց «Հայկական ժամանակի» լրագրողը՝ անտեղի գրգռելով ընթերցողի նյարդերը: Սա նաև տեղիք է տվել այն բանին, որ յուրաքանչյուր ոք իրեն իրավունք է վերապահել գրողի հասցեին ավելորդ գռեհկաբանություններ հասցեագրել' բարոյական վնաս հասցնելով հեղինակի հեղինակությանը: Սակայն մարդու ասած նախադասությունը պետք է մեջբերել լրիվությամբ, ոչ թե կոնտեքստից դուրս' այն էլ՝ դարձնելով վերնագիր, գրգռել ընթերցողին, դա նաև հեղինակային իրավունքի խախտում է:

 

Պետք է հասկանալ այնպես, ինչպես ասվել է և ոչ թե խեղաթյուրել ասելիքը, իսկ հուլիսի 19-ի «Տեսակետ» ակումբին տված մամուլի ասուլիսին իմ միտքը հետևյալն է եղել. «Պետք է սահմանում զենքն ուղղել թշնամու դեմ և ոչ թե իրար դեմ և խուսափել ներքին արյունահեղությունից»...

 

Աստված թող ների բոլորին...