Իսկապես, կարո՞ղ եք պատկերացնել, թե մարդն ինչ վիճակի պետք է հասած լինի, կամ նրան ինչ վիճակի պետք է հասցրած լինեն, որ 300 դրամ կորցնելուց հետո այն աստիճան զայրանա, որ հարձակվի անշունչ առարկայի' էլեկտրոնային սարքի (տերմինալի) վրա: Այսպես կարող է վարվել միայն հոգեպես անհավասարակշիռ, ծայրաստիճան դյուրագրգիռ, չարացած մարդը (անկախ ունևորության աստիճանից): Կամ էլ նա, ում համար 300 դրամն այդ պահին գուցե վերջին միջոցն է եղել, չկատարված զանգը' անհետաձգելի և հույժ կարևոր, կամ 300 դրամն ունեցել է այնքան էական նշանակություն, այսպես ասած, հացի փողի հաշվին հատկացված եղել, որ դրա կորուստը հասցրել է ծայրահեղ զայրույթի աստիճանի:


Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հովհաննես Հարությունյանը Երևանի մոսկովյան փողոցի թիվ 9 հասցեում տեղադրված «Թել-Սել» ՓԲ ընկերությանը պատկանող տերմինալի միջոցով ցանկանալով լիցքավորել հեռախոսը, տերմինալի ընդունիչի մեջ գցել է 300 դրամ, սակայն տեխնիկական պատճառներով լիցքավորում չի կատարվել: Դրանից հետո Հ. Հարությունյանը, ըստ քր. գործի նյութերի, հիշյալ հանգամանքից վրդովված, քարով հարվածել է տերմինալի էկրանին և դիտավորությամբ վնասելով այն, «Թել-Սել» ՓԲԸ-ին պատճառել է 150 000 դրամի գույքային վնաս:

 

Վերը նշված արարքի համար Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը») 1-ին մասի հատկանիշով: