ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման հետ կապված ստեղծված իրավիճակից պետք է գտնել խաղաղ հանգուցալուծում, ինչի համար էլ ընթանում են բանակցային գործընթացներ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

 

«Իշխանության մոտեցումը հայտնել է հանրապետության նախագահը և կուսակցության խոսնակը: Մեր մոտեցումը եղել և մնում է այն, որ հայը հայի վրա չպետք է կրակի: Նոր արյունահեղություն չպետք է թույլ տանք»,- ընդգծեց օրենսդիր մարմնի փոխխոսնակը:

 

Անդրադառնալով նշված բանակցային գործընթացում հնարավոր զիջումների մասին խոսակցություններին' Նաղդալյանը շեշտեց, որ խնդիրը զիջումների մեջ չէ: «Խնդիրները, որոնց մասին խոսվում է' մեր երկրում տարիների ընթացքում կուտակված խնդիրներ են, որոնց առնչությամբ բարեփոխումներ են ընթանում, սակայն այսօր դրանք ստվերվում են նոր հարցով' իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց արյունահեղության»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

 

Նաղդալյանն անդրադարձավ նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի' ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը' շեշտելով, որ այս հարցում ՀՀԿ-ի դիրքորոշումը հնչեցվել է ԱԺ նախագահի կողմից: «Որոշ ստորագրություններ հավաքվել են, սակայն դրանք չեն բավարարել: Կարծում ենք, որ խնդիրը արտահերթ նիստ գումարելը չի, այլ իրավիճակը խաղաղ հանգուցալուծելն է: Կան քրեական գործեր, ընթանում է քննություն, պատգամավորների կողմից այս հարցերի քննարկումը հղի է նոր սրացումներով: Հիմնական մեր մոտեցումը եղել է չվնասելն այսօր ընթացող բանակցային գործընթացին»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

 

ԱԺ փոխնախագահը նաև մտահոգություն հայտնեց բժիշկների պատանդառության հարցով' շեշտելով, որ այդ մոտեցումն անընդունելի է: