armnoc.am Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց թիմի ձեռքբերումների մասին և անդրադարձավ Օլիմպիական խաղերում մեր երկու ծանրորդների հնարավորություններին:

-Պարոն Ներսիսյան, ինչպե՞ս ընտրությունը կանգ առավ Նազիկի և Սոնայի վրա:

-Նազիկի ընտրությունն ի սկզբանե արվել էր, ընտրությունը կայացավ Սոնայի և Քրիստինեի միջև: Իրեն ավելի լավ դրսևորեց Սոնան: Այստեղ նշանակություն չունի Սոնայի ցածր տարիքը, դա չափորոշիչ չէ: Քրիստինեն ծնկի խնդիրներ ուներ և դա էլ դեր խաղաց:

-Լոնդոն-2012-ից մինչև Ռիո 2016-ն անցել է 4 տարի, որո՞նք եք համարվում կանանց հավաքականի ձեռքբերումները:

-Հավաքականի ձեռքբերումն այս տարվա Եվրոպայի առաջնության թիմային հաղթանակն էր: Սա առաջին անգամն էր, և տա Աստված, որ այն բազմիցս կրկնվի:Մեզ հաջողվեց երկու ոսկե մեդալ նվաճել, ինչն իսկապես մեծ քայլ առաջ էր: Նազիկն այսքան դժվարություններից հետո կարողացավ վերադառնալ և ապացուցեց, որ մեծ կամքի ուժ ունի, իր տեղն ունի մարզաշխարհում: Հիմա Օլիմպիական խաղերում ինչ էլ անի, որ տեղն էլ գրավի, նա արդեն հերոս է: Սոնային ընձեռնվեց յուրահատուկ հնարավորություն: Նա թիմին օգնեց Եվրոպայի առաջնությունում՝ վարկանիշային միավորներ ձեռք բերելով:

-Եթե իրատեսորեն մոտենանք, աղջիկների քաշային կարգում ովքե՞ր են հիմնական մրցակիցները:

-Նրանք իսկապես շատ բարդ մրցակիցներ ունեն: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր պետություն ներկայանում է լավագույն կազմով: Առնվազն 15 մարզիկներ պայքարելու են մեդալների համար: Հիմնական մրցակիցները Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և նույնիսկ Իսպանիայից են: Աշխարհի շատ երկրներ են մրցունակ դարձել ծանրամարտում: Հիմա արդեն կիլոգրամների ցանկը շատ խիտ է:

-Պարոն Ներսիսյան, առաջին անգամ ե՞րբ եք տեսել Նազիկին և Սոնային, և ի՞նչ տպավորություն թողեցին ձեր վրա:

-Նազիկին'առաջին անգամ, տեսա մարմնամարզության դահլիճում: Այդ ժամանակ մարզչին խնդրեցի, որ թողնի Նազիկը ծանրաձող բարձրացնի: Երբ բարձրացրեց ծանրաձողը, ես հասկացա, որ նա կարող է դառնալ ուժեղ մարզիկ: Առաջին բանը, որ ինքս ինձ ասացի, այն էր, որ Նազիկն կդառնա մեծ ծանրորդ: Սոնային առաջին անգամ տեսել եմ, երբ շատ փոքր էր և նոր-նոր էր սկսել Հայաստանի առաջնությանը մասնակցել: Ակնհայտ էր մի բան, որ բնության կողմից տրված ծանրորդին բնորոշ հատկություններ ունի, իսկ աշխատասիրության առկայության դեպքում՝ մեծ նվաճումներ կունենա:

-Ընդհանուր առմամբ, ձեր որերո՞րդ Օլիմպիական խաղերն են:

-Սրանք կլինեն իմ երրորդ Օլիմպիական խաղերը: Ես եղել եմ Պեկինի և Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

-Մինչ Խաղերի մեկնարկը ինչպիսի՞ հավաքներ եք անցկացրել:

-Մինչև Ռիո հասնելն, ուսումնամարզական հավաքի մի քանի փուլ ենք անցել: Ծաղկաձոր, Աբովյան, Կազան և այսպես շարունակ: Հիմա էլ' Խաղերի մեկնարկից առաջ, մեր վերջին հավաքն ենք անցկացնում Ռիոյում և վերջին շտկումներն ենք անում: