ՀԱՐԳԵԼԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ ՈՒ ՏՆՕՐԵՆՆԵՐ, մի՛շտ, բոլոր դեպքերում եղե՛ք ՈՒՍՈՒՑԻՉ  

 

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նոր փուլ են բացում մեր Երրորդ Հանրապետության պատմության մեջ, որտեղ ձեր դերակատարումն ամենավճռորոշն է լինելու: Դուք ձեր օրինապահ, պատասխանատու քաղաքացու դիրքորոշմամբ ձեր աշակերտներին տալու եք սկզբունքային, օրինականության ջատագով լինելու օրինակ: Ի դեմս ձեզ՝ ձեր աշակերտները պիտի տեսնեն օրինապահ, սկզբունքային քաղաքացիների, ովքեր չեն դառնում քաղաքական գործիք Հանրապետականի ձեռքին, ովքեր, հատկապես այս իրադարձություններից հետո, ցած են դնելու իրենց պարտադրված Հանրապետական կուսակցության տոմսերն ու խոստանալու են աշակերտներին, իրենց համայնքի ծնողներին՝ ոչ մի դեպքում չսատարել ընտրությունների կեղծման գործընթացին, չլինել Հանրապետական տնօրենների մունետիկները, գործելու են խղճի մտոք և չեն բռնանալու որևէ մեկի ազատ ընտրության իրավունքի վրա: Անկախ նրանից, թե հատկապես այս իրադարձություններից հետո, ենթադրում եմ, Հանրապետական կուսակցությունն ինչպիսի ճնշումների կենթարկի ձեզ, գործեք որպես օրինապահ ՔԱՂԱՔԱՑԻ, օրինակ ծառայեք աշակերտներին, ծնողական համայնքին:

 

Ձեր օրինակով սովորեցրե՛ք ձեր աշակերտներին դառնալ օրենք հարգող ու երկրի նկատմամբ պատասխանատվություն ստանձնող քաղաքացիներ, ցույց տվեք ձեր աշակերտներին, թե ինչպես եք ձեր միջից կաթիլ-կաթիլ հանում ստրուկին, շողոքորթին և ժողովրդավարական շատ կարևոր գործիքի՝ քաղաքական ընտրությունների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելով՝ տեր կանգնում ձեր իրավունքներին: Հակառակ դեպքում, աշակերտներն իրենց կրթության իրավունքը չեն վստահելու նման մանկավարժներին ու տնօրեններին: Հարցնում եք՝ ինչպե՞ս են արտահայտելու իրենց բողոքը: Պատասխանում եմ. աշակերտներն ու ծնողական համայնքը նման մանկավարժներին պետք է բարոյապես ոչնչացնեն ու արժանացնեն հասարակության արհամարհանքին, նրանք արժանի չեն քաղաքացիական հասարակություն, նոր սերունդ ու ապագա կերտելու: Մի՛շտ, բոլոր դեպքերում, եղե՛ք ՈՒՍՈՒՑԻՉ:

 

Անահիտ Բախշյան