Հուլիսի 29-ի դրամատիկ իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ սպառվում են իշխանություններին հակադրվելու «Սասնա ծռեր»-ի ռեսուրսները: Ափսոս, որ դիմակայությունն իներցիայով շարունակվեց՝ խլելով երիտասարդ ոստիկանի կյանք, պատճառ դառնալով խմբի մի քանի անդամների վիրավորման: Զինված միջադեպից 14 օր անց՝ հուլիսի 31-ին՝ ժամը 20-ին, «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր դրեցին զենքերը և հանձնվեցին իրավապահ մարմիններին: 20 զինյալի հանձնման տեսարանն օրեր շարունակ չի իջնի հեռուստաէկրաններից: Պաշտոնական մեկնաբանությամբ՝ հանձնվողներն ահաբեկիչներ են: Հավանաբար իրավական հարթության մեջ հենց նման գնահատական կտրվի «Սասնա ծռերի» գործողություններին: 

 

Սրանով հանդերձ՝ վերացված չեն այն պատճառները, որոնք ծնում են «Սասնա ծռերի» գործողությունների նման արմատականություն: Երբ երկրում լիարժեքորեն չի գործում ընտրությունների ինստիտուտը՝ անիմաստ է խոսել որակյալ կառավարման մասին: Որակյալ կառավարմանբացակայությունը ծնում է կոռուպցիա, անարդարություն, չքավորություն, հարստությունը կենտրոնանում է մի խումբ մարդկանց ձեռքին՝ մյուսներին զրկելով տարրական կենսապայմաններից: Սա է այսօրվա Հայաստանը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հենց նման երկրներում է արձանագրվում բռնության, քաղաքական արմատականության, ահաբեկչության զարգացում: 


Հասարակության մեծամասնությունը դժգոհ է իշխանությունների քաղաքականությունից: Ճնշող մեծամասնությունը: Եթե դրա մեծ մասն արտագաղթում է երկրից, մյուսները հարմարվում են իրավիճակին, ապա մարդկանց մի փոքր խումբ դիմում է արմատական քայլերի: Մեր հասարակության մեծ մասը դեմ է բռնությանը, սակայն համակրանքով չէր վերբերվում նաև «Սասնա ծռերի» դեմ իշխանությունների գործողություններին, որովհետև չկա վերևների հանդեպ վստահության անգամ նվազագույն ցուցանիշ: Պատահական չէ, որ զինված խմբի անդամները շատերի համար հերոսներ են: 

 

Եվ վերջապես հատուկ քննարկման թեմա պետք է դառնա ուժայինների վարքագիծը: Հատկապես հուլիսի 20-ին և 29-ին նրանց գործողությունների անհամաչափությունը իշխանության դեմ տրամադրեց հասարակական նոր խմբերի: Եթե անգամ արդարացված է ահաբեկչության դեմ կոշտ մեթոդների կիրառումը, ապա որևէ արդարացում չկա քաղաքացիների մարդաորսին, ծեծին, բռնությանը: Հուլիսի 29-ին վերացավ այն սահմանը, որը բաժանում էր ուժայիններին զինված խմբից: 

 

Հուլիսի 17-ի միջադեպը հանգուցալուծված է, այն ծնող պատճառները՝ ոչ: Դժվար է կանխատեսել նաև դեպքերին հաջորդող զարգացումները, հասարակական տրամադրությունների կորագիծը: Քայլերի հերթն իշխանությանն է: Այս մասին հաջորդիվ: 

 

Սարգիս Հակբյան