Եթե չլիներ հուլիսի 17-ի միջադեպը, և բոլորիս ուշադրությունը կենտրոնացած չլիներ ՊՊԾ գնդի ու դրա շուրջ ծավալվող զարգացումների վրա՝ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի անցած շաբաթ հնչեցրած հայտարարությունը գլխավոր իրադարձությունն էր լինելու մոտակա շաբաթների համար:

 

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իր երկիրը եռապատկելու է Հայաստանին մատակարարվող գազի ծավալները՝ այսօրվա օրական մեկ միլիոն խորանարդ գազի փոխարեն դարձնելով երեք միլիոն խորանարդ:


Ընդ որում, նախատեսվում է Հայաստանի տարածքով գազ մատակարարել հարևան Վրաստան:Փաստորեն Հայաստանը ստանում է տրանզիտ երկրի կարգավիճակ:


Զանգանեի հայտարարությունը Երևանում չի հերքվել, և մնում է ենթադրել, որ համաձայնությունները պաշտոնապես կայացված են:

 

Գազի խնդիրը Հայաստանում ավելին է, քան տնտեսական հարց լինելը: Սակայն հիմնական լծակներից մեկն է, որով պաշտոնական Մոսկվան իրականացնում է իր կայսերական քաղաքականությունը՝ սահմանափակելով Հայաստանի ինքնիշխանությունը:

 

Դիվերսիֆիկացնելով գազի ստացման աղբյուրները՝ Հայաստանը մեծապես մեծացնում է իր արտաքին քաղաքականության ինքնուրույնությունն՝ այն ավելի բազմավեկտոր, ոչ միակողմանի դարձնելով: Խնդիրն ունի նաև սոցիալական ենթատեքստ: Պաշտոնական Իրանը մի քանի անգամ ակնարկել է, որ Հայաստանից պատրաստ է գազ մատակարարել ռուսականից մի քանի անգամ էժան գնով: Սա բնական է, որովհետև գազն Իրանի համար առաջին հերթին քաղաքական լծակ է, որի միջոցով նա փորձում է վերականգնել իր տարածաշրջանային ազդեցությունը:

 

Եթե Հայաստանն ունենա տրանզիտ երկրի կարգավիճակ, ապա որակյալ դիվանագիտության պարագայում կարող է որոշակի ազդեցություն ունենալ հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի արտաքին քաղաքականության վրա:


Ակնհայտ է, որ Վրաստանը նույնպես ձգտում է դիվերսիֆիկացնել գազի ստացման աղբյուրները՝ թուլացնելու համար իր կախվածությունը Ադրբեջանից նաև Թուրքիայից, որի ազդեցությունը, մեր հարևան երկրում չափազանց մեծ է:

 

Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմի», հիմա, փաստորեն, նաև Հայաստանի և Իրանի հետ:

 

Այսպիսով՝ Հայաստանի համար նոր հեռանկարներ են բացվում: Մնում է մեր իշխանությունները հերթական անգամ տեղի չտան ռուսական ճնշմանը:

 

Կամ երկրում չստղծվի այնպիսի ներքաղաքական վիճակ, որի հետևանքով վերանայվեն հայ-իրանական կարևոր համաձայնությունները:

 

Սարգիս Հակոբյան