Ինչպես ասում են, ամենևին էլ Ամերիկա բացահայտած չենք լինի, եթե պնդենք, որ մեզանում, որպես կանոն, պետական պաշտոնը մշտապես դիտարկվել՝ անձնական հարստություն կուտակելու, հասարակության մեջ սոցիալական բարձր դիրք ձեռք բերելու անզուգական միջոց:Հատկապես վերջին տարիներին մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն անհատ պաշտոնյաներին, որոնք սեփական գործունեությամբ հակառակն ապացուցած լինեն:Իսկ շատերի կողմից պաշտոնը որպես փողի անվերջանալի աղբյուր ընկալելու հինական պատճռն, ինչպես հասկանալի է, Հայաստանում արմատացած կոռուպցիան է, որ հիմնականում դրսևորվում է պետական կառավարման մարմիններում ու օղակներում՝ տալով այնպիսի լծակներ այս կամ այն անհատին, որ թվում է՝ ամեն մի չինովնիկ մի առանձին իշխանիկ է այս երկրում:

 

Շատերը նկատած կլինեն, որ հատկապես ապրիլյան դեպքերից հետո, երբ բոլորին պարզ դարձավ՝ այսպես շարունակելու դեպքում պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք վաղ թե ուշ կանգնելու, կտրուկ ակտիվացան երկրում անհրաժեշտ բարեփոխումներ իրականցնելու մասին խոսակցությունները, երբ այդ մասին սկսեցին խոսել անգամ նրանք, որոնք Հայաստանյան կոռուպցիայի արմատն ու պատճառն են, որոնց «հերոսությունների» մասին տեղյակ է ամեն մի առաջին դասարանցի: Բայց անցան ամիսներ, ու բոլորի համար միանգամայն պարզ դարձավ, որ բոլոր այդօրինակ խոսակցություններն ընդամենը ռեակցիոն բնույթի էին, մոդայից հետ չմնալու հերթական դրսևորումներից մեկը, իսկ կյանքն ինչպես որ վերջին տասնամյակներին ընթացել էր այդպես էլ շարունակելու էր ընթանալ. ոչ ոք չի պատրաստվում «կտրել այն ճյուղը, որի վրա նստած է»:


Անկասկած, մեր երկրում կոռուպցիան անհաղթահարելի աղետ դարձնող գործոններից մեկն էլ այն է, որ երևույթն այս մեզ մոտ կրում է, այսպես ասած, ժառանգական բնույթ. կոռուպցիոներ հայրերին գալիս են փոխարինելու ոչ պակաս կաշառակեր զավակները,որ պետության համար կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան հայրերն էին. հայրերը գոնե փորձառու են, գործի գիտակներ, իսկ ահա նրանց երիտասարդ զավակները՝ լիովին բոբիկ պետական կառավարման վերաբերյալ գիտելիքներից:


Ահավասիկ ասվածի փայլուն օրինակներից մեկը կարելի է համարել Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի կողմից վերջերս սեփական որդուն՝ Գրիգոր Սարգսյանին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնում նշանակելու փաստը: Նշենք, որ սույն ՊՈԱԿ-ը գտնվում է կոմիտեի համակարգում՝ Մարտին Սարգսյանի անմիջական ենթակայության ներքո: Այնպես որ՝ հայրը լինելու է որդու ղեկավարը: Թե հատկապես որոնք են հենց սեփական որդուն սույն պաշտոնին նշանակելու՝ Մարտին Սարգսյանի որոշման դրդապատճառները, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել, քանի որ առնվազը պետք է կույր լինել՝ չտեսնելու կոռուպցիոն այն մեխանիզմը, որ գործի է դրվել տվյալ պարագայում (կոռուպցիա է համարվում նաև հովանավորչությունն ու, այսպես ասած, այս կամ այն անձին, անձնական դրդապատճառներից դրդված, սեփական «թևի տակ քաշելը»): Ի՞նչ է, համակարգում չկայի՞ն համապատասխան որակավորում ու աշխատանքային բավարար ուղի անցած կադրեր, որ պետք է անպայմանորեն սեփական որդուն նշանակեր համապատասխան պաշտոնին ու նրան թևի տակ առնելով՝ դաստիարակեր հայ չինովնիկի ունեցած արժեհամակարգից բխող սկզբունքներով. կարծում ենք՝ խոսքերն ավելորդ են:

 

Ցավոք, վերոհիշյալը կարելի է միայն մի թույլ արտացոլանք համար այն բանի, ինչ իրականում տեղի է ունենում Հայաստանում շատ ավելի խորքային մակարդակներում, երբ անգամ հիմարին է պարզ դառնում, որ նույնիսկ երկար սպասված սերնդափոխությունը ի զորու չի լինելու լուծել այն հիմնական խնդիրը, որով էլ խոշոր հաշվով, պայմանավորված են մեր պրոբլեմները. արժեհամակարգային գերխնդիրն է, կյանքի իմաստն ու նպատակը փողի մեջ տեսնելու կործանարար հակվածությունը, երբ չկան գաղափարներ, չկան իդեալներ…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ