Ըստ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի' միջազգային դիտորդների գնահատականը փաստում է, որ Հայաստանում նախագահական ընտրությունները անցել են ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Արմեն Աշոտյանը: ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրած Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ տասնյակ քաղաքացիներ պնդում են, որ ընտրությունները կեղծվել են, ԿԳ նախարարը արձագանքել է. «Այն 58 տոկոս ձայները, որ գնացել են Սերժ Սարգսյանին եւ միջազգային բոլոր դիտորդական առաքելությունները պնդում են, որ այս ընտրությունները լավագույնն էին մեր նորագույն պատմության մեջ, եւ Հայաստանի քաղաքական պատմության մեջ նոր էջ է բացվել քաղաքական մշակույթի տեսանկյունից: Պետք է սովորել ընդունել սեփական պարտությունը, ամբողջ քարոզարշավի ընթացքում փաստացի մեր թիվ մեկ ընդդիմադիր մրցակիցը վարեց շատ քաղաքակիրթ՝ արեւմտյան տեխնոլոգիաների կիրառմամբ քարոզարշավ, եւ սա ենթադրում էր, որ հետընտրական գործելաոճը նույնպես պետք է լինի այն մշակույթի շրջանակներում, որը այդ թեկնածուն փորձում է ներմուծել Հայաստան»:
Հարցին, թե նոր ձեւավորվելիք կառավարության կազմում հնարավո՞ր են էական փոփոխություններ, ԿԳ նախարարը պատասխանել է. «Ես վստահ եմ, որ իշխանության դեմքը փոխվելու է, իշխանության մեջ փոխվելու է, եւ դա բացարձակ կապ չունի ընտրությունների արդյունքների հետ, այս կամ այն մարզում, քաղաքում եւ այլն: Կարծում եմ, որ վաղուց հասունացել է պահը, որ, այո, որոշակի փոփոխություններ իշխանության ներսում տեղի ունենան»:
Կանի՞ արդյոք ՀՀԿ-ն հանրահավաք, հարցին Արմեն Աշոտյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Կարծում եմ, որ այդ հարցի վերջնական պատասխանը կարող եք ստանալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը՝ թեպետ այսօր օրենքով սահմանաված էր, որ Ազատության հրապարակում թույլ էր տրված Հանրապետական կուսակցության հանրահավաքը, սակայն մեր գործընկերների երեկվա հայտարարությունները, այն գործելաոճը, որը որդեգրել են, ստիպում է մեզ, իմ կարծիքով, հրաժարվել մեր օրինական հնարավորություններից, հնարավոր սադրանքներից, բախումներից եւ անիմաստ կրքերից խուսափելու համար»:
Ըստ Արմեն Աշոտյանի' Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա թիմակիցների' Ազատության հրապարակում գտնվելը օրենքով սահմանված չէ: Չո՞ւնի ՀՀԿ-ն վերջանական որոշում' լինելո՞ւ է հանրահավաք, թե՞ ոչ, լրագրողների այս հարցին, Արմեն Աշոտյանը արձագանքեց. «Ի տարբերություն շատ ու շատ քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն թասիբի գցելու կուսակցություն չէ, պետք չի մեզ բզբզել եւ թամաշա անել, մենք գիտենք ինքներս' ինչ ենք ուզում, ինչ ենք անում, ոնց ենք անում եւ ինչպիսի իրավական դաշտում ենք մեր գործողությունները ծավալում: Գնացեք, նմանատիպ հարցերով բզբզեք նորաթուխ, ինքնակոչ, ինքնահռչակ քաղաքական նիրհից արթնացած բազմաթիվ քաղաքական գործիչների: Մեր այն դիտարկմանը, թե' ասեք անուններ, թե ովքեր են նոր արթնացել քաղաքական նիրհից, Արմեն Աշոտյանը արձագանքեց. «Ով ինչ հասկացավ, թող այդպես էլ գրի, ես թողնում եմ Ձեր երեւակայությանը»:
Ի դեպ, Արմեն Աշոտյանին փոխանցեցինք, որ մեր երեւակայությունը այդքան թույլ չի տալիս' մեկ անգամ էլ նախարարին խնդրելով' նշել անուններ: Ինչին ի պատասխան կրթության եւ գիտության նախարարը պատասխանեց. «Հարգելի լրագրող, զոռբայությամբ հարցեր չեն տալիս, 30 հոգի լրագրող են հավաքվել, թողեք' թող հարցեր տան»:
Փայլակ Ֆահրադյան