Քսան տարի Հայաստանի մարզիկները ոսկե մեդալ չէին նվաճել Օլիմպիական խաղերում: Երեկ ուշ երեկոյան այս տխուր ավանդույթը խախտեց գյումրեցի մարզական լեգենդ Արթուր Ալեքսանյանը

 

Իր հաղթանակը հունահռոմեկան ըմբիշը նվիրեց սահմանին կանգնած զինվորին ու պատերազամում նահատակվածներին, ոսկե մեդալի ստացման արարողությանը ներկայանալով շապիկով, որի վրա դաջված էր քառօրյա պատերազմի լուսահոգի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը:


Արթուրի հաղթանակն, առաջին հերթին մարզական էր, նրա աշխատասիրության և տաղանդրի դրսևորումն էր: Մյուս կողմից դժվար է թերագնահատել նրա բարոյական հոգեբանական ազդեցությունը: 

 

Երկիրը գտնվում է արտաքին, ներքին ձախողումների վտանգավոր շրջապտույտում և մեզ բոլորիս լույս էր պետք, խավարը պատռող լույս:


Պատահական չէ, որ անցնող գիշերը Գյումրիում ոչ ոք չքնեց: Ինքնաբուխ տոն էր, ազգային արժանապատվության վերագտնում: Այդ հաղթանակի մեջ յուրաքանչյուրը փորձում էր գտնել իրեն և գուցե Արթուրի սխրանքը մեկին հետ պահի արտագաղթից, մյուսին ստիպի հավատալ սեփական ուժերին, երրոդը սկսի հավատալ արդարությանը, հաղթանակի հասնելու հեռանկարին:


Մեր երկփեղկված ներքին թշնամանքով ապրող հասարակությունը երեկ ուշ գիշերին համախմբվել էր ու դրա առիթը Արթուր Ալեքսանյանի հաղթանակն էր:

 

Այդպիսի համախմբում էր նաև քառօրյա պատերազմի օրերին ու պատահական չէ այն ոգեղեն կապը, որն առկա է մարտիրոսված հերոսների ու Արթուրի հաղթանակի միջև:

 

Պատահական չէ, որ Օլիմպիադայի և աշխարհի չեմպիոնը մեծարվում է քառօրյա պատերազմի հերոսի լուսանկարն իր շապիկի վրա կրելով:

 

Իրականում քառօրյա պատերազմում ընկածների մարտիրոսությունը սկիզբ դրեց մի չերևացող ու հարատև պայքարի:


Սա հոգևորի, բարոյականի պայքարն է մեզ համակած սպառողական հոգեբանության դեմ:

 

Սա արարող ստեղծագործ մարդու պայքարն է զոռբայի և թալանչիի դեմ:

 

Արթուր Ալեքսանյանն այն Հայաստանի հերոսն է, հանուն որի, արցախյան երկու պատերազմում նահատակվեցին հազարավոր հայրոդիներ:

 

Մեր մյուս ըմբիշը՝ Միհրան Հարութունյանը, ևս կարող էր Օլիմպիական չեմպիոն դառնալ, եթե չլիներ մրցավարական կողմնակալությունը: Նրա, ինչպես նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանի և Գոռ Մինասյանի արծաթե մեդալներն արժևորված ու գնահատված են:

 

Ի դեպ, օլիմպիադային ընդառաջ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հավակնոտ, սակայն արժանապատիվ բանաձև էր առաջ քաշել. «Մեր նշաձողը պետք է բարձր լինի ու ձևակերպված խնդիրը ոչ թե գերազանցությունն է ադրբեջանցի կամ թուրք մարզիկների հանդեպ, այլ աշխարհում առաջինը լինելու ձգտումը»:


Օլիմպիադան դեռ ընթացքի մեջ է, սակայն արդեն ունենք մեծ նվաճում՝ ոսկե մեդալ՝ քսանամյա ընդմիջումից հետ: Իսկապես պետք չէր համեմատվել Ադրբեջանի և Թուրքիայի հավաքականների հետ, որոնց մարզիկները դեռ անմասն են ոսկե մեդալներից:

 

Վրացիները մեկ ոսկի նվաճել են, բայց մերոնց զիջում են արծաթե մեդալների քանակով:

 

Ու միայն հարևան իրանցիներն են, ովքեր այսօր արդեն կարող են հպարտանալ Օլիմպիական երկու չեմպիոնով:

 

Բաց վերադառնանք Հայաստան, որն այս օրերին ապրում է օլիմպիական հաղթությամբ ու խինդով և մի փոքր այն լուսավոր հավատով, որ շուտով գալու է մշտական հաղթանակի հետ նույնացող Հայաստանը:

 

Սարգիս Հակոբյան