Դատարանի առջև քրեական պատասխանատվությունից բացի, կա նաև բարոյական պատասխանատվություն հասարակության առջև, պատասխանատվություն սեփական գիտակցության, խղճի, ի վերջո, Աստծո առջև…
Կարելի է ասել, որ ստորև ներկայացվող քրեական գործով արդեն ամբաստանյալ Նշան Ավետիսյանի բախտն ինչ-որ տեղ բերել է, ընկերը, հարազատը, բարեկամը, հարևանը կամ պարզապես ծանոթը, որի ինքնությունը նախաքննությամբ չի պարզվել, իր շրջահայաց քայլով փրկել է նրան մարդասպանի ծանր խարանը կրելուց: Կարծում ենք, Ն. Ավետիսյանը նրան պետք է շա՜տ շնորհակալ լինի…
Ըստ մեղադրական եզրակացության, Ն. Ավետիսյանը 2015թ. մարտի 3-ին, ժամը 13:25-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Անդրանիկի, Խանջյան ու Թումանյան փողոցների խաչմերուկում իր կողմից ապօրինի ձեոք բերված և պահվող, հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելով, փորձել է սպանել Արման Թադնոսյանին: Մասնավորապես, ինչպես պարզվել է քր. գործի նախաքննությամբ, Ն. Ավետիսյանն Արման Թադնոսյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, նստել է Տրդատ Ասատրյանի անվամբ հաշվառված ԲՄՎ մակնիշի, 21 CQ 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղին և 2015թ. մարտի 3-ին, ժամը 13:25-ին ուղևորվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Անդրանիկի, Խանջյան ու Թումանյան փողոցների խաչմերուկ: Այսեղ նկատելով իր որոնած անձնավորությանը՝ Ն. Ավետիսյանը 8 փամփուշտներով լիցքավորած «Մակարով» ատրճանակը ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի պատուհանից պահել է Արման Թադեոսյանի ուղղությամբ և 6 անգամ քաշել ձգանը, սակայն տեղի է ունեցել կրակոցների ձախողում:
Անյուհետև, համաձայն քր. գործի նյութերի, նա իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, հիշյալ ավտոմեքենայով շրջադարձ կատարելուց հետո մոտեցել է Ա. Թադնոսյանին, և ընթացքից, ավտոմեքենայի սրահից կրակել է վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում ծակվել է վարորդի դռան ապակին, բայց գնդակը չի դիպել Ա. Թադնոսյանին:
Դրանից հետո Արման Թադնոսյանը վազել է ընթացող ավտոմեքենայի ետևից (լավ էլ համարձակ է եղել, միաժամանակ' անխոհեմ), որի ընթացքում ավտոմեքենան կտրուկ արգելակել է Կարոտ Մկրտչյանի անվան պուրակի աջակողմյան հատվածում: Նշան Ավետիսյանն իջնելով ավտոմեքենայից, շարունակել է Ա. Թադնոսյանին սպանելուն ուղղված իր հանցավոր գործողությունները' նույն ատրճանակով 5 անգամ կրակելով Ա. Թադեոսյանի ուղղությամբ: Արձակված գնդակներից երեքը դիպել են Արման Թադեոսյանի աջ ազդրին, հետույքի աջ շրջանին և ձախ ազդրին, կրակելու արդյունքում արձակված երկու գնղակները չեն դիպել վերջինիս, իսկ պահունակում մնացած երկու փամփուշտները չի հասցրել կրակել, քանի որ վերոնշյալ ավտոմեքենայի հետնամասում նստած և ինքնությունը չպարզված ուղևորն իջնելով ավտոմեքենայից, քաշել, ավտոմեքենան է նստեցրել Ն. Ավետիսյանին ու հեռացրել դեպքի վայրից, ինչի արդյունքում, դարձյալ ըստ մեղադրական եզրակացության, Ն. Ավետիսյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Վերը նշված արարքների համար Նշան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության հանցափորձը) 1-ին մասի և 235-րդ հոդվածի («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») 1-ին մասի հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: