Չորս համերգ՝ երկու օրում:
«Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը յուրահատուկ համերգային ծրագրով հանդես եկավ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տեղակայված N զորամասում, ամենամյա «Մեղրի և հատապտուղների փառատոնին» և Բերդ քաղաքի մշակույթի տանը:
Առաջին համերգը տեղի ունեցավ «Մեղրի և հատապտուղների փառատոնին» , փառատոն, որը տարածաշրջանի (այն ներառում է Բերդ քաղաքը և հարակից 16 գյուղը) յուրահատուկ միջոցառումներից է, եթե ոչ միակը, որը 1-2 օրով փոխում է առկա մթնոլորտը՝ տոն դարձնելով տեղի բնակչության առօրյան:

 


Այնուհետև Չինարի գյուղում տեղակայված N զորամասում մեկ ժամ տևած համերգն անցավ մի շնչով, հոտնկայս երկար ծափահարություններով։ Ժողովրդական մեղեդիներից հետո SOAD-ի “Aerials” ստեղծագործությունը ժողովրդական գործիքների կատարմամբ մեծ հիացմունք առաջացրեց բոլորի մոտ:
Վերջում կար նաև անակնկալ հատուկ զինվորների համար՝ «Մեր անունն է հայկական բանակ» երգի կատարումը, որը մեծ ոգևորություն առաջացրեց զինվորների շրջանում: Նվագախումբը, ներդնելով իր ամբողջ ներուժն ու եռանդը, զինվորներից ստացավ էլ ավելին:

 


Հաջորդ օրը՝ օգոստոսի 22-ին, նվագախումբը երկու համերգային ծրագրով հանդես եկավ սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տանը. մեկը՝ հատուկ զինվորների համար, մյուսը' բերդցիների:
Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ տեր Արամ քահանա Միրզոյանը.
- Ամեն վայրկյան մտածում ենք հայ զինվորի մասին: Հասկանում ենք, որ ըստ էության, մենք համազգային բանակ ենք, զինվոր ենք, գուցե դատապարտված ենք դրան, գուցե մեր ուժը դրա մեջ է… Անպարտելի է այն ազգը, որը միասնական է ոտքի կանգնում… Երեկ զորամասի համերգից հետո ինձ է զանգահարել զորամասի հրամանատար փոխգնդապետ Հարություն Խառատյանը և իր հիացմունքի, զորքի ոգևորվածության ու նվագախմբով հիացած լինելու մասին է խոսել…

 


Սիրելի՛ զինվորներ, հարգարժան պարոն Հարությունյանը մեծ և ահռելի աշխատանք է կատարում հայ մշակույթի բնագավառում: Ուզում եմ ասել, որ այսօր երկու կարևոր սահմանապահ հանդիպել են իրար՝ զինվորները, ովքեր թշնամուն են դիմակայում, և «Նարեկացի» նվագախումբը, որը պահպանում է հայ արվեստի մաքուր սահմանը: Դուք պահում եք կարևոր արժեքներ, և դուք այսօր իսկապես պետք է ցույց տաք, թե որն է մեր մաքրամաքուր և ջինջ մշակույթը:
Մենք հպարտության զգացում ունենք այն բանի համար, որ, ապրելով մայրաքաղաքում, ձեր սիրտը բաբախում է զինվորի հետ, զինվորի կողքին, առաջնագծում... Իսկապես, շատ ուրախ եմ այսօրվա համար, մենք շատ ուրախ ենք՝ Արտեմ Խաչատուրին տեսնելու համար, մենք պետք է միասնական ուժով ցույց տանք, թե որն է իրականը, որն է հայկականը, որն է գեղեցիկը, քանի որ ինչ որ գեղեցիկ է, աստվածային է…:
Համերգի ավարտին զորամասի հրամանատարությունը միությանն անակնկալ մատուցեց. հայոց բանակի հանդեպ տածած բացառիկ վերաբերմունքի համար շնորհակալագիր շնորհվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին, ինչպես նաև Արևիկ Համբարյանին՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զորամասի անձնակազմի հոգևոր ու բարոյական արժեքների ամրապնդման համար:
Եվս մեկ անակնկալ եղավ. Բերդի Մշակույթի տան տնօրեն Տանյա Մելիքյանը նվագախմբին կոնտրաբաս նվիրեց, ինչը մեծագույն ոգևորվածությամբ և սիրով ընդունեց «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը՝ հայտնելով իր խորին շնորհակալությունը:

 


«Նարեկացի» նվագախմբի համերգաշարն իր խոսքով եզրափակեց Նարեկ Հարությունյանը.
-Այս երկու օրվա չորս համերգը տեղի ունեցան չքնաղ մի հրեշտակի՝ Արևիկ անունով մի աղջկա շնորհիվ. շաբաթներ առաջ նա եկավ «Նարեկացի» արվեստի միություն և ասաց՝ ինչ լավ կլինի, որ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը ելույթ ունենա զինվորների համար: Մենք իսկույն համաձայնեցինք, որովհետև մեզ համար պատիվ է ձեզ մատուցել այն, ինչը հայկական է, ազգային է, ժողովրդական է, մաքուր է: Մեծ սիրով է արվում այս ամենը, և առավել պարտավորված ենք զգում մեզ, երբ զինվորի առջև ենք գտնվում: Ամեն վայրկյան կարող է փոխվել Հայաստանի ճակատագիրը: Դուք եք պահապանները, և եթե չլինեն փոքրիկ նժդեհներ, կյանքը կկանգնի, մենք չենք լինի: Դուք եք վահանը հայ ժողովրդի: Մյուս տարի անպայման նորից կգանք, բերդցինե՛ր:

 


Նշենք, որ Բերդ քաղաքը իր տասնհինգ գյուղերով հանդիսանում է ամենաերկար սահմանը հարևան երկրի հետ: Այդ իսկ պատճառով այն բացառիկ կարևոր նշանակություն ունի Հայաստան աշխարհի տարածքային ամբողջականության պահպանման համար: Դրանով է բացատրվում <> արվեստի միության բացառիկ վերաբերմունքը հատկապես այդ տարածաշրջանի նկատմամբ, և այն լինելու է շարունակական:

 

 

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Отображается файл