Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Կառավարության հերթական նիստի վերջում իր հրաժարականի մասին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Իր խոսքում արդեն նախկին վարչապետը մի ուշագրավ միտք արտահայտեց՝ «Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորութուն տալ Նախագահին»։ Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։
-Պարո’ն Մարտիրոսյան, կներկայացնե՞ք Ձեր կարծիքը վարչապետի հրաժարականի վերաբերյալ։
-Ուզում է Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, ուզում է ամբողջ կառավարությունը, ուզում է Սերժ Սարգսյանն էլ հետը հրաժարական տա՝ իր բոլոր պետական ինստիտուտներով, միևնույն է, Հայաստանում ոչինչ չի կարող փոխվել, քանի դեռ այս համակարգն է։ Հայաստանում ոչինչ չի կարող փոխվել, քանի դեռ կառավարման համակարգի մեթոդաբանության մեջ մտած է բացառապես մեկ խնդիր՝ Հայաստանում առկա ռեսուրսը ծառայեցնել բացառապես մի քանի ընտանիքի։ Եթե այդ մեթոդաբանությունից դուրս չեն գալիս, ում ուզում են փոխեն, ինչ ուզում են անեն՝ ոչինչ չի փոխվելու։ Իսկ կոնկրետ այս դեպքի հետ կապված կասեմ՝ «Սասնա ծռերի» դեպքից և դրան հաջորդող զանգվածային բողոքի ակցիաներից հետո ակնհայտ էր, որ իշխանությունները թույլ են և պետք է ժամանակ շահել գոնե մինչև խորհրդարանական ընտրություններ։ Դրա համար ակնհայտ էր, որ նոր Կառավարություն է հարկավոր լինելու՝ նոր վարչապետով, ժողովրդի մոտ սպասումներ առաջացնելու՝ իբր մենք էլ ենք դժգոհ, փոփոխություններ ենք անում և այլն։
-Խոսվում է Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին։ Ի՞նչ կասեք։
-Դա ոչինչ չի տալու, որովհետև Կարեն Կարապետյանը ևս նույն համակարգի մարդ է։ Եվ նախկինում «Հայռուսգազարտի» հետ, և հիմա «Գազպրոմի» հետ կապված բազմաթիվ սկանդալային դեպքեր ունենք և ակնհայտ է, որ Հայաստանի բնակիչը անընդհատ կոռուպցիոն մեխանզիմների համար, գերշահույթների համար գումարներ է տալիս։ Ուստի, սպասել, որ նոր իրավիճակ պետք է լինի Հայաստանի կառավարման համակարգում, այդպես չէ։ Կարեն Կարապետյանն առավելագույնը մինչև 2018 թվականը պետք է փորձի ինչ-որ կերպ իրավիճակը պահել, որպեսզի 2018-ին Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հեռանա և դառնա վարչապետ։ Բայց այստեղ երկրորդ խնդիր ևս գոյություն ունի. Հայաստանում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ մենք հարյուրից ավել զոհ ունեցանք՝ ճնշող մեծամասնությունը ադրբեջանական կողմից ռուսական նոր զենքերի օգտագործմամբ, երբ ունեցանք «Սասնա ծռեր», ովքեր բարձրաձայնում էին Հայաստանի ինքնաիշխանության հարցը, ռուսական կողմը հասկանում է, որ պետք է մեծացնի վերահսկողությունը կառավարման համակարգում, և Կարեն Կարապետյանն այդ առումով ընդունելի է ռուսական կողմի համար։ Այս դեպքում, մենք դե ֆակտո մեր կառավարումը հանձնեցինք «Գազպրոմին»։ Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն այդ ուղղությամբ է քաղաքականություն վարելու։
Իսկ կոնկրետ Հովիկ Աբրահամյանից ես ի սկզբանե որևէ սպասելիք չեմ ունեցել։ Ես այն կարծիքը չունեմ, որ Հովիկ Աբրահամյանն ինչ-որ առանձնահատուկ բան պետք է աներ ու չարեց։ Այս պարագայում ևս ով էլ գա վարչապետ, անգամ, եթե ընդդիմությունից լինի, ինքը չի կարող իրավիճակ փոխել, որովհետև համակարգը պետք է փոխվի։ Եթե մենք համակարգը փոխենք, այդ ժամանակ կկարողանանք ասել, որ մարդիկ կկարողանան երկրում արմատական փոփոխություններ անել։
-Վարչապետի պաշտոնը Հովիկ Աբրահամյան քաղաքական գործչի համար կարապի ե՞րգն էր։
-«Կարապի երգը» մի քիչ ծանր արտահայտություն է, բայց կարծում եմ՝ ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանին այլևս ոչ ոք բարձր պաշտոնի թույլ չի տա մոտենալ։ Նույնիսկ, եթե Հովիկ Աբրահամյանին խորհրդարանական ընտրություններում նշանակեն շտաբի պետ, դրանից հետո իրեն որևէ պաշտոն չեն տա, հակառակը՝ իրեն կսարքեն քավության նոխազ։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն, այսպես շարունակվելու դեպքում, համատարած կեղծիքներով է լինելու։ Ամբողջ խախտումների ծավալը վերագրվելու է Հովիկ Աբրահամյանին և իրեն ուղարկելու են ոչ պատվավոր հանգստի։ Ես կարծում եմ՝ սա քաղաքական առումով երևի թե կարող ենք համարել իր կարիերայի ավարտը։ Իսկ շտաբի աշխատանքներն իրեն կվստահեն, որովհետև նա շատ լավ տիրապետում է կեղծիքների մեխանիզմներին, Հայաստանում որևէ մեկը իրեն չի կարող հասնել այդ հարցում։ Դա ծանր խաչ է լինելու, որից հետո ինքը քաղաքական կարիերային հարժեշտ է տալու։
Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի