Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր անդրադարձավ պատերազմի մասին իր հայտարարություններին՝ ի պատասխան «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի տարածած այն տեսակետին, թե, իբր, իրեն օգտագործում են քայքայիչ գործողությունների համար։ Կոմանդոսն ասաց, որ ինքը Մանուչարյանի դեմ ոչինչ չունի, ուղղակի, եթե նա սովորական սխալ արած լիներ, կարելի էր հաշտվել:
«Նախորդ իշխանությունը դեմ էր խոշոր օպերացիաների իրականացմանը: Նրանք ամեն կերպ խանգարում էին մեզ: Նրանք պետք է խոստովանեն իրենց սխալները»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։
«Ես քաղաքական հարցեր չեմ բարձրաձայնում, ես քաղաքական գործիչ չեմ, նրանց մոտ դա քաղաքականություն էր, ինչո՞ւ են հիմա հրաժարվում դրանից։ Թերթը կա, տպագրված է, ասել են քանի՞ գլուխ ունեք, որ ազատել եք Շուշին»,- ասաց նա՝ նշելով, որ Մանուչարյանն այն գործիչներից էր, որ պարզ քաղաքական գործունեություն էր ծավալում, և ինչո՞ւ է այժմ իր այն ժամանակվա քաղաքականությունը թաքցնում։
Հիշեցնենք, որ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը Ղարաբաղյան շարժման 25-ամյակի առիթով Կոմանդոսի հայտարարությունը, թե Ղարաբաղյան շարժման տարիներին ՀՀ այն ժամանակվա ղեկավարությունը, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, դեմ էին արցախյան գոյամարտի օպերացիաների մեծ մասի իրագործմանը, համարել է քայքայիչ գործողություն և նշել, որ մեծ ավանդ ունեցող հերոսին օգտագործում են, ինչը չափազանց վտանգավոր է մեր պետականության համար:
Այն մասին, թե Կոմանդոսի այդ հայտարարությունը պատվեր է, վերջինս պատասխանեց. «Ես այդ մասին երբեք ոչ ոքի չեմ ասել և ոչ մեկի հետ չեմ հանդիպել, երբեք ոչ մի հարց չեմ քննարկել իշխանությունների հետ, ես այնքան փորձ ունեմ, որ գիտեմ, թե ովքեր են իմ ընկերները, ովքեր՝ ոչ։ Ես Մանուչարյանից չեմ նեղանում, բայց նա ինձանից նեղանում է»։ Կոմանդոսի խոսքով պետք է այս սխալները հետագայում թույլ չտանք։
Նշենք, որ Աշոտ Մանուչարյանը կտրականապես հրաժարվել է համատեղ ասուլիսի հրավերից։