Արդյո՞վ ովքեր են…

 

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

 

Արդեն 4 տարի է 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

 

Քանի որ հաշված ամսիներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

 

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանն է:

 

Ծնվել է 1980թ. նոյեմբերի 26-ին Երեւանում:

 

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

2003թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պատմաաշխարհագրական ֆակուլտետը:

 

1999-2001թթ. եղել է ՀՊՄՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ապա՝ ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ: 2010թ. հիմնադրել եւ ղեկավարել է «Երիտասարդական կառավարություն» եւ «Երիտասարդական քաղաքապետարան» նախագծերը: 2011թ. ղեկավարել է ԱՊՀ երկրների երիտասարդական միջազգային կրթական հավաքը՝ «Ծաղկաձոր 2011»:

 

2006-2007թթ. եղել է Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) փոխնախագահ, 2007-2011թթ.՝ ՀԵԿ նախագահ: 2011թ. ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ (ԲՀԿ-ին ՀԵԿ-ի միավորվելուց հետո): 15.02.2014թ.՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար:

 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

 

Երիտասարդ պատգամավոր, որ հանրության հայտնի է կրկին ոչ քաղաքական զգլխիչ քայլերի շնորհիվ, այլ այս կուսակցությունից այն կուսակցություն թռչկոտող բնավորության շնորհիվ: Նա նույնիսկ մի փոքր նման է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Ու եթե վերջինս ռեկորդակիր է իր «գրատախտակ» ճակատով, ապա Բաբայանը հայտնի կուսակցափոխ է:

 

2001-2003թթ. Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության երիտթևի ղեկավարն էր: 2005-ից քաղաքական խորհրդի անդամ: 2006-ին դուրս գալով նշված կուսակցությունից՝ Բաբայանը հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին և իր քայլը բացատրել էր նրանով, որ հիասթափված է ընդդիմությունից և զգացել է, որ իր նպատակներն ու գաղափարները «Հանրապետություն» կուսակցությունում անկատար են մնում…

 

Նրա նպատակներն ու գաղափարները երևի թե անկատար մնացին նաև Հայաստանի երիտասարդական կուսակցությունում, որին նա անմիջապես անդամակցեց «Հանրապետությունը» լքելուց հետո, սակայն երկար էլ չմնաց: Թեպետ նա նշված կուսակցության փոխնախագահն էր, իսկ 2007-ին ընտրվել է որպես Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ…

 

Դառնալով այդ կուսակցության ղեկավարը՝ Բաբայանն իր ղեկավարած կուսակցությունով մտնում է ՄԻԱԿ կուսակցության կազմի մեջ, որը իշխանամետ էր և հայտարարել էր Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

 

Սակայն սա էլ երկար կյանք չունեցավ: Եվ 2001-ին Բաբայանն արդեն ԲՀԿ անդամ էր: Հենց այդ կուսակցությունն էլ նրան հասցրեց ԱԺ՝ պատգամավորի մանդատ պարգևելով:

 

Կարծեք թե այստեղ պետք է վերջակետը դրվեր, սակայն ոչ:

 

Այս տարվա մարտի 10-ին Վահան Բաբայանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում գրեց: Պարզվեց՝ նրա ու կուսակիցների քաղաքական հայացքները բաժանվել են՝ կուսակցությունը որոշել է մնալ ընդդիմադիր դիրքերում, իսկ Բաբայանը նախագահապաշտ է:

 

Հանուն արդարության նշենք, որ դեռ 2010թ. լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներից մեկում նա ասել էր, թե Սերժ Սարգսյանին սատարելու որոշումը Հայաստանի երիտասարդական կուսակցությունը կայացրել էր դեռ մինչև ՄԻԱԿ մտնելը:

Ստացվում է երիտասարդ պատգամավորը հստակ քայլեր է կատարում՝ հանուն Սերժ Սարգսյանի:

Երևի թե հանուն նախագահի էլ հիմնեց «Ռեֆորմիստներ» կուսակցությունը:

 

Այսինքն ինչու երևի…

 

Բաբայանն արդեն հայտարարել է, որ փորձելու են քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ իրականացնել և աջակցելու են Հանրապետության նախագահի եւ կառավարության իրականացրած բարեփոխումներին, փորձելու են հաջորդ տարի բարեփոխումների ծրագրով մասնակցել խորհրդարանական ընտրություններին:


Կուսակցության կարգախոսն է՝ «Քեզ համար, Հայաստան»:

 

Ի դեպ, 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին հենց նույն կարգախոսով էր հանդես գալիս նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը:

 

Ա՜յ քեզ սեր:

Մի հարց է տանջում՝ Բաբայան ջան, ինչու՞ այդքան քայլեր անել, եթե ուղղակի կարելի էր անդամակցել ՀՀԿ-ին և վերջ:

Անի Սահակյան