Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պլանավորում Է 2017 թվականի հոկտեմբերին հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն» ընդգրկուն վարժանքներ անցկացնել երեք երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ն տված հարցազրույցում հայտնել Է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

 

«Այս տարի ՀԱՊԿ-ի չորս վարժանքներ են անցկացվել տարբեր պետությունների տարածքում եւ տարբեր ժամանակ: Հաջորդ տարի մենք պլանավորում ենք միավորել զորավարժությունները եւ դրանք միասնական մտահղացմամբ միաժամանակ անցկացնել ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի բոլոր բաղադրիչների մասնակցությամբ: Առայժմ առաջարկված Է «Մարտական եղբայրություն» անվանումը»,-նշել Է Սիդորովը:

 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ՀԱՊԿ-ի միասնական վարժանքները տեղի կունենան 2017 թվականի հոկտեմբերին: «Այսինքն, մենք առանձին զորավարժություններ չենք անցկացնելու ապրիլին, օգոստոսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին, ինչպես որ այս տարի Էր, այլ 2017 թվականի հոկտեմբերին սեղմ ժամկետում համատեղ գործողություններ կմշակենք երեք պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի տարածքում: Դա ավելի արդյունավետ կլինի ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի կառավարման միասնական համակարգի օպտիմալացման համար»,-ասել Է նա:

 

«Ենթադրաբար, վարժանքների տեւողությունը կկազմի երեք շաբաթ, հակաահաբեկչական գործողությունը կմշակվի միասնական մտահղացմամբ՝ նախ հետախուզում, այնուհետեւ օդուժի աջակցությամբ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կիրառում, ապա հետհակամարտային կարգավորում՝ խաղաղապահ ուժերի կիրառմամբ: Դա կլինի Էքսպերիմենտ»,-հավելել Է գեներալ-գնդապետը:

 

ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ներառում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ավելի քան 17 հազար զինծառայողներ: Դրանք թույլ են տալիս համարժեք արձագանքել գոյություն ունեցող բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրաթրաֆիկին հակազդելուն:

 

ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերում ընդգրկված Է մոտավորապես 3600 մարդ: