ՀՀ Առողջապահության նախարարի հետ քաղաքացիների ընդունելության կարգի համաձայն՝ այն կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրերին՝ ժամը 16:00-ին: Սակայն, ինչպես այսօր պարզվեց նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին այդ կարգը, մեղմ ասած, չի հետաքրքրում:

 

Այսօր Կառավարության դիմաց հավաքված քաղաքացիներից մեկը փորձեց նախարարից ընդունելություն խնդրել: Նախարար Ալթունյանն էլ հայտարարեց. «Ամեն շաբաթ ընդունելություն կա, բայց ես ամիսը մեկ եմ անում»: Ստացվում է՝ նախարարն ինքը խոստովանում է, որ հաստատված կարգը իր համար չէ և նա քաղաքացիների հետ ընդունելություն է կազմակերպում ամիսը մեկ անգամ ու բնավ կարևոր չէ՝ քաղաքացու հարցը մեկ ամիս կարող է սպասել, թե՝ ոչ: Իհարկե, միամտություն կլիներ մտածելը, թե մյուս նախարարներն ամեն շաբաթ քաղաքացիների ընդունելություն են կազմակերպում, բայց գոնե չեն խոստովանում, որ չեն աշխատում: Իսկ Ալթունյանը, կարծես՝ քաղաքացուն լավություն է անում՝ նրան ընդունելով: Պետական չինովնիկները մոռանում են, որ դա իրենց աշխատանքն է և իրենք դրա համար վարձատրվում են պետբյուջեից՝ նույն այդ քաղաքացու գրպանից գոյացած պետբյուջեից:

 

Ի դեպ՝ Լևոն Ալթունյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մանկության ընկերն է, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության նախկին տնօրենը: Հուսով ենք, որ վարչապետն իր կառավարության անդամներին և իր մանկության ընկերոջը կսովորեցնի հարգել օրենքը, կարգը և սահմանված կարգով աշխատել:

 

Տեսանյութը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի:

Քրիստինա Աղալարյան