Արդյո՞ք ովքեր են…

 

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

 

Արդեն 4 տարի է 131 պատգամավոր ապրումէ մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

 

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանն է:



Ծնվել է 1978թ. հունիսի 14-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:

 

1998-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

1994թ. ավարտել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: 1998թ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզամանկավարժական ֆակուլտետը, 2013թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Մարզիչ-մանկավարժ: Տնտեսագետ:

 

1992-1998թթ. եղել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի բազմաթիվ առաջնությունների մասնակից, մրցանակակիր: Սպորտի վարպետ:

 

1999-2003թթ. եղել է Ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցի մարզիչ, փոխտնօրեն: 2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի Արագածոտնի մարզի նախագահ: 2007-2010թթ.' ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2010թ. ընտրվել է «Սեւան» մարզական ՀԿ հանրապետական խորհրդի նախագահ, համատեղության կարգով՝ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: 2009 թվականից ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

 

Նախ պատգամավորի աշխատանքային ուղու մասին: Պարոն Բազմասերը բնավ չի փայլում իր օրենսդրական քայլերով ու բազմազանությամբ: Իր աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, ընդամենը 5 անգամ հարց է տվել և հասցրել է 112 անգամ բացակայել: Գործի եկած օրերին էլ ակտիվորեն կողմ է քվեարկել այս ու այն օրենքի ընդունման օգտին՝ 512անգամ:


Օրենսդրական հարթակներում չփայլող պատգամավորը ինքն էլ է հաստատում' կարիերիստ պատգամավոր չէ, նրանը սպորտն է:
Վկա է պարոն Բազմասերի հարցազրույցը՝ տրված լրատվամիջոցներից մեկին, որ մեջբերում ենք մասնակի.

 

Լրագրող.-Իսկ եթե նման որոշում լինի, Դուք կարո՞ղ եք մարզպետի ծանր աշխատանքի բեռը վերցնել Ձեր ուսերին:

 

Բ. Առաքելյան- Ես Ձեր ասած էդ կարիերիստ պատգամավորներից չեմ: Ինձ որտեղ, որ կտեսնեն՝ ես այնտեղ էլ կլինեմ: Ախր ասացի, չէ՞, Ձեզ, ինձ պրովոկացիոն հարցեր մի տվեք…

 

Իսկ մարզպետ դառնալու վերաբերյալ հարցը պատահական չէր տրվել: 2015 թվականին մամուլում ակտիվորեն քննարկվում էր այն, որ սահմանադրական բարեփոխումների օգտին Արագածոտնում քրտնաջան աշխատող պատգամավորը կարող է նախագահականից խրախուսական պարգև ստանալ՝ մասնավորապես մարզպետի պաշտոնի տեսքով:

 

Հանրաքվեն եղավ-անցավ, սակայն Առաքելյանն այդպես էլ չստացավ պաշտոն՝ շարունակելով աջ ու ձախ խոսել, որ իր գործը սպորտն է:

Հարց է առաջանում՝ պարոն պատգամավոր, բա մնայի՛ք սպորտի կողքին, ինչու՞ ԲՀԿ ցուցակով եկաք խորհրդարան ու մի հատ էլ լքեցիք նույն ԲՀԿ-ին:

 

Հա՜, մոռացա նշել, որ նախորդ տարի մարտի 6-ին Բազմասեր Առաքելյանը դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: 

 

Ի դեպ, պատգամավորը չի փայլում նաև իր գրագիտությամբ ու խոսքի կուլտուրայով:

 

Այս տարի հունվարին համացանցում հիթ էր դարձել պատգամավոր Բազմասեր Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը, որ վերաբերում էր ԵԽԽՎ-ում քննարկված հակահայ բանաձեւերին։ Օգտատերերից մեկը վերցրել էր գրառումը, տառասխալներն ուղղել, նորից հրապարակել, որն էլ հիմք էր տվել շատերին քննարկել ու ծիծաղելի մեկնաբանություններ թողնել՝ ի պատասխան գրառման գրագիտությանը:

 

Երբ կատարվածի վերաբերյալ լրատվամիջոցներից մեկը փորձել էր մեկնաբանություն ստանալ, պարոն պատգամավորը նշել էր, որ «դիշովի» լրագրողների արածի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չունի:

 

Անի Սահակյան