Lurer.com լրատվական կայքի վերլուծաբան Սարգիս Հակոբյանը, անդրադառնալով Երևան-Մոսկվա ավտոբուսի ողբերգական վթարին, գրում է.

 

Նախօրեին հինգ քաղաքացիների մահվան պատճառ դարձած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի՝ Հյուսիսային Օսեթիայում արձանագրված վթարին հաջորդեցին նույն իրադարձություններն ու մեկնաբանությունները, որոնց սովորել ենք տարիներ շարունակ:

 

Նման դեպքերում մեր պատկան մարմիններն արագ ալիբի են գտնում պատասխանատվությունն իրենցից օտարելու համար:

 

Պետական մարմինների ինքնաարդարացման մեխանիզմը շատ օպերատիվ է գործում: Վթարից արդեն ժամեր անց հայտարարվեց, որ «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը պատկանել է մասնավոր անձի և իրականացրել է Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ:

 

Տրանսպորտի նախարարությունը «ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում արագ գտավ ինչ-որ հոդվածներ «ձեռքերը լվաց» կատարվածից' մատնանշելով մեղավորների ենթադրյալ շրջանակ, որի հետ, հավանաբար, գործ կունենան իրավապահ մարմինները:

 

Մինչդեռ վերջին պատահարը դարձավ հանրային բուռն քննարկումների թեմա: Ուղևորափոխադրումների ոլորտում տիրում է, մեղմ ասած, անմխիթար վիճակ: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն միջպետական, այլ նաև' Հայաստանի ներսում իրականացվող ուղևորափոխադրումներին:

 

Օրենսդրական բացերը չեն շտկվում, չեն հստակեցվում այն չափանիշները, մասնագիտական պահանջները, որոնք կոնկրետ ընկերությունների և վարորդների թույլ կտան զբաղվել ուղևորափոխադրումներով: Օրենսդրական բացերն ու սողանցքները կոռուպցիոն դրսևորումների պատճառ են դառնում: Ուղևորափոխադրումների քաղաքականության հիմքում, եթե, իհարկե, քաղաքականություն բառն այս պարագայում տեղին է, ոչ թե մեր հազարավոր քաղաքացիների անվտանգությունն է, այլ՝ «գծերի տերերի» ու նրանց պետական հովանավորների գերշահույթները:

 

Ավելորդ է խոսել սպասարկման որակի կամ ուղևորների անվտանգության մասին, երբ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ղեկը վստահվում է մարդկանց, ովքեր կասկածելի ճանապարհով են ստացել վարորդական իրավունքը, կամ պատշաճ մասնագիտացում ու փորձառություն չունեն: Եթե ամեն անգամ նոր վթարից կամ ՃՏՊ-ից հետո իշխանությունները պատասխանատվությունը հասցեագրելու են մասնավոր հատվածին, և օտարի անտարբերությամբ խոսելու են ինչ-որ լուծումների անհրաժեշտության մասին, ապա, առնվազն, օրակարգային պետք է դառնա այս ոլորտի պետական մարմինների գործունեության նպատակահարմարության հարցը: Այլապես կստացվի, որ հարկատուները գումարներ են վճարում, ոչ թե նորմալ սպասարկվելու և անվտանգ փոխադրվելու, այլ՝ կոռուպցիոն մեխանզիմները կատարելագործելու նպատակով:

 

Երեկ, մեր տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, հյուրընկալել էր իր ռուսաստանցի գործընկեր Մաքսիմ Սոկոլովին, ով, ի դեպ, տեղի ունեցած վթարը լուրջ ահազանգ է համարել: Խիստ անպատվաբեր և ամոթալի է, որ այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյան ահազանգում է մեր ուղևորափոխադրումների ոլորտում տիրող ողբերգական վիճակի մասին:

 

Ողբերգությունն օրերս թակեց հինգ ընտանիքի դուռ: Ցավոք, երաշխավորված չէ մեզանից յուրաքանչյուրի կյանքն ու անվտանգությունը, քանի դեռ հասարակական դժգոհությունը բախվում է պետական անպատասխանատվությանն ու անտարբերությանը: Սոկոլովը հաստատ ո'չ առաջին, և ո'չ էլ վերջին օտարերկրացի պաշտոնյան է' ով շրջանցելով դիվանագիտական էթիկետը, կտրուկ ձևակերպումներով բնորոշում է հայկական իրականությունը:

 

Աղոտ հույսն այն է, որ Վահան Մարտիրոսյանը նոր մարդ է: Եվ գուցե փորձի շտկել վիճակը' թեկուզև սեփական հեղինակությունը բարձրացնելու նպատակով: