Արդեն տևական ժամանակ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի շուրջ:

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ–ից ձեռք բերած բնակարանները։ 2006 թվականից 140 ընտանիք «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ–ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ում։

Նշենք, որ շինարարության ավարտը նախատեսվում էր 2012թ. դեկտեմբերի 31-ին, սակայն մինչ օրս ոչ միայն չեն ստացել ո՛չ բնակարանը, ո՛չ էլ դրա սեփականության վկայականը:

Բնակիչները նամակով դիմել էին նախագահին, որտեղից ստացել են պատասխան, թե այս խնդրով զբաղվում է Ֆինանսների նախարարությունը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը շահառուների հետ հանդիպման ընթացքում խորհուրդ է տվել սպասել մինչ շինարարական ընկերության սնանկ ճանաչվելը՝ նշելով, որ որպես գերակա շահ՝ պետությունն աջակցելու է քաղաքացիներին:

Այսօր բնակիչները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ: Նրանց մոտեցավ Կառավարության ներկայացուցիչը. վերջինիս այն գնահատականը, թե Կառավարությունն այս գործում անելիք չունի, վրդովեցրեց քաղաքացիներին:

Կառավարության ներկայացուցիչը փորձեց հանդարտեցնել ներկաներին, նշելով, որ ամեն դեպքում «իրենք կկանգնեն քաղաքացիների կողքին»։

Նշենք նաև, որ Կառավարության ներկայացուցիչը միայնակ չէր, վերջինիս հետ էր նաև մի երիտասարդ, ով բավական անհարգալից էր մարդկանց նկատմամբ և վիճում էր նրանց հետ։

Հավելենք նաև, որ Կառավարությունից հույսները կտրած քաղաքացիները դիմում-նամակ են ուղարկում Գագիկ Ծառուկյանին, քանի որ Աշոտ Տոնոյանը ԲՀԿ-ական է։