Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

 

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:

 

Երկրի ղեկավարը կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:

 

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնաթող համանախագահ Պիեռ Անդրիոյին՝ ազնիվ ու արդյունավետ աշխատանքի համար՝ նրան մաղթելով հաջողություններ կյանքում եւ հետագա աշխատանքում: