ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ այսօր մահացել է հանրաճանաչ հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը:

 

Էլդա Գրինը ծնվել է 1928թ. մարտի 10-ին, Թիֆլիսում: 1943թ. ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1947թ.՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: 1955թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ-ում: 1971թ. նրան շնորհվել է դոցենտի, 2003թ.՝ պրոֆեսորի կոչում:

 

Է.Գրինը հիմնականում զբաղվում էր հոգելեզվաբանության, սոցիալական հոգեբանության և իրավաբանական հոգեբանության հարցերով: Հեղինակ է 100-ից ավելի հոդվածների, բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, որոնցից առավել կարևորներն են՝ «Գերմաներենի հնչյունային կազմի յուրացման առանձնահատկությունները հայկական դպրոցում» (Եր., 1959), «Խառնվածք» (Եր., 2002), «Դատահոգեբանական փորձաքննություն» (Եր., 2002), «Դատական գործունեության հոգեբանություն» (Եր., 2002), «Մեղք, ապաշավանք, կատարսիս» (Եր., 2005), «Հոգեբանությունը քրեակատարողական գործունեությունում» (Եր., 2007):

 

Հեղինակ է նաև գեղարվեստական գրքերի, որոնք տպագրվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով:

 

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն:

 

1947թ. Է.Գրինը պարգևատրվել է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալով: