Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի թեմայի թեժացմանը զուգահեռ, հետզհետե իրենց դիմակներն են սկսում պատռել քաղաքական ուժեր, որոնք, մեղմ ասած, ոչ մի կերպ չեն կարող պարծենալ ո՛չ իրենց չունեցած ժողովրդականությամբ, ո՛չ էլ անցյալով:Ծառուկյանի ակտիվացումը տհաճ անակնկալի է բերել որոշ «ընդդիմադիր» վայ քաղաքական ուժերի, որոնք, կորցրած իրականության զգացումը, փորձ են անում լուտանքի ու մաղձի օգնությամբ լուծել սեփական ինքնակայացման գերխնդիրը:
Այսպես՝ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, խոսելով Ծառուկյանի ակտիվացման թեմայով, ասել էր, թե իբր իրենք կհամագործակցեն միայն այն ուժերի հետ, ովքեր ձգտում են իշխանափոխության՝ հավելելով, թե իրենք Ծառուկյանին որպես իրենց գործընկեր ու ապագա դաշնակից ոչ մի կերպ չեն ընկալում: Թե հատկապես Զուրաբյանի նման կեցվածքն ինչով կարող է պայմանավորված լինել մեկի հանդեպ, ով իր ժողովրդականությամբ անգերազանցելի գործիչ է համարվում մեր երկրում ու այն քիչ մարդկանցից է, ով կարողացել է համաժողովրդական սեր վաստակել, գլխի ընկնելն այնքան էլ բարդ չէ… Զուրաբյանը Ծառուկյանի մեջ նախևառաջ մրցակից է տեսնում իր ներկայացրած կուսակցության համար հենց միայն այն պատճառով, որ, ի տարբերություն իրենց, վերջինս երբեք չի փորձել ի հաշիվ ժողովրդի արյան առաջ տանել սեփական քաղաքական ամբիցիաները, չի փորձել երբեք ինքնակայանալ այլոց զավակների արյան գնով, և սա այն պարագայում, երբ անցյալում կային բոլոր նախադրյալներն իշխանությունը վերցնելու:
Բայց սա ի հակադրություն հենց նույն Լևոն Զուրաբյանի կողմից ներկայացվող ուժի, որը 2008-ին չխորշեց արյունահեղությունից, որի վերջնաարդյունքը դարձավ այն կոտորածը, որի վրա էլ հետագայում ոմանք փորձեցին ձեռքեր տաքացնել. մինչ մարդիկ կոտորվում էին փողոցներում, ՀԱԿ ղեկավարները բավական տաքուկ ու ջերմ միջավայրում իրենց թեյն էին վայելում՝ հեռվից հետևելով այն սարսափին, որ տեղի էր ունենում բացառապես իրենց անպատասխանատվության հետևանքով:
Ծառուկյանը, ի տարբերություն զուրաբյանների, ավանտյուրիստ չէ ու հաշվետու է իր յուրաքանչյուր խոսքի ու քայլի համար՝ հանգամանք, որը ոչ մի կերպ ոմանց հանգիստ չի տալիս. ավելորդ ինքնաքննությունը Զուրաբյանին չէր խանգարի…
Արամ Հակոբյան