Հարցազրույց՝ «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Հայկ Պետրոսյանի հետ.

-Պարոն Պետրոսյա՛ն, Ձեր կողմից վերջերս ստեղծվել է «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնությունը: Ո՞րն է այդ նախաձեռնության նպատակը:

-Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում հիմնական քննարկումներն անձերի շուրջ են ծավալվում և ուղղված են ինչ-որ գործողության կամ անհատների դեմ, ինչն իր հերթին շեղում է հանրության ուշադրությունն իրական խնդիրներից:  

Մեր նախաձեռնության անդամներն իրենց հստակ և հիմնավորված պատկերացումներն ունեն Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման ուղու վերաբերյալ, որն էլ նպատակադրված ենք կյանքի կոչել:

-Գիտեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, հանդես են գալիս «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնությամբ։ Ո՞րն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու պատճառը:

-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորման շրջանում «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության բոլոր անդամներն ակտիվորեն մասնակցել են քաղաքական մտքի և զարգացման ուղու ձևավորմանը:

Սակայն, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ այնուամենայնիվ, առաջացել են սկզբունքային տարաձայնություններ այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսք են՝ քաղաքական պատասխանատվությունը, կուսակցության զարգացման հետագա ուղին և նախընտրական աշխատանքների ոճը: Ուստի, երբ ակնհայտ դարձան արմատական տարաձայնությունները՝ կարևոր հարցերի շուրջ, որոշում կայացվեց  քաղաքական մեր առաքելությունը շարունակել «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության ներքո:

Կարծում եմ՝ այս պարագայում շարունակել աշխատանքը կուսակցության ներսում, ոչ մի կողմի համար կառուցողական չէր լինի:

«Զարգացման ուղի» նախաձեռնության անդամները կարևորում են ժողովրդավարության հիմքում ընկած քաղաքական պատասխանատվության գաղափարը: Ընդ որում՝ այն պետք է լինի բնականոն զարգացման արդյունքում, ուստի՝ մեր տեսանկյունից՝ Հրազդանի ՏԻՄ ընտրություններից հետո, շատ կարևոր էր ոչ միայն գնահատական տալ տեղի ունեցածին, այլև պահանջել քաղաքական պատասխանատվություն: Սակայն, ինչ-ինչ պատճառներով՝ շատերը խուսափեցին բնականոն զարգացման մեր տեսլականից, ինչը, մեր խորին համոզմամբ, բերեց հաջորդ ձախողումներին: Այս ամենից հետո պարզ դարձավ, որ կուսակցության ներսում աշխատանքները շարունակել անարդյունավետ են և՛ մեր, և՛ մնացածի համար: Նաև դա էր պատճառը, որ մենք որոշեցինք հոկտեմբերին կայացած համաժողովին չառաջադրվել:

-Դուք և այս նախաձեռնության մյուս անդամները որոշում եք կայացրել՝ միանալ մեր երկրում վերջերս սկիզբ դրված «Միասնություն» համազգային շարժմանը, ի՞նչ նպատակ եք դրել Ձեր առջև՝ Շարժման շրջանակներում իրականացնելու համար:

-Ինչպես արդեն նշեցի, մենք ունենք քաղաքական և տնտեսական կոնկրետ մոտեցումներ, որոնք պլանավորում ենք կյանքի կոչել Շարժման հետ: 
Պետք է կերտենք այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր ինստիտուտ կծառայի ՀՀ քաղաքացուն:

-Ինչպե՞ս կորակեք այս շարժումը, արդյոք նման շարժման կարևորություն տեսնո՞ւմ եք Հայաստանում:

Վերջին մեկ տարվա քաղաքական իրավիճակը և ՏԻՄ ընտրություններն ակնհայտ ցույց տվեցին, որ այն լուծումները, որոնք հանրությանն առաջարկում են ներկա քաղաքական դաշտի մասնակիցները (նրանցից ոմանք դեռևս Կոմունիզմի մեթոդների կրողն են), այլևս արդիական չեն: Եկել է ժամանակը, որպեսզի իրենց սպառած քաղաքական գործիչները տեղը զիջեն այն ուժերին, որոնք ի վիճակի են նախ և առաջ հասկանալու, այնուհետև լուծելու 21-րդ դարի մարտահրավերները:
Մեզ համար անհրաժեշտ է ոչ թե ինքնանպատակ սերնդափոխություն, այլ՝ քաղաքական մշակույթի ՈՐԱԿԱԿԱՆ փոփոխություն:

-Ո՞րն է «Միասնություն» համազգային շարժման կողմից որդեգրված այն գաղափարը, որ ձեզ իր շուրջը հավաքեց:

-Այն, որ Շարժման անդամները պարզ գիտակցում են, որ որակական փոփոխություն կարող են անել միայն ինքնուրույն մտածող մարդիկ, որոնք կարողացել են իրենց կյանքում հասնել հաջողության: Ընդ որում, հաջողություն ասելով՝  շեշտադրում ենք ոչ թե ֆինանսական կարողությունը, այլ այն ինքնուրույնությունը, որը մարդը դրսևորել է իր կյանքի ընթացքում: