Դեռ երկու տարի առաջ՝ հենց այս հարցն էր օրակարգային քաղաքական ուժերի համար, որովհետեւ նախագահական ընտրություններն ու նախագահի ինստիտուտն էին որոշում երկրի իշխանության հարցը։ Բաղրամյան 26-ն իր այսօրվա ազդեցիկությունը կպահպանի մինչեւ 2018թ.-ի ապրիլը, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը կնշանավորի նաեւ նախագահի ինստիտուտի իրավա-քաղաքական կարգավիճակի փոփոխություն։ Նոր կառավարման համակարգն իշխանության կենտրոն դարձնում է կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, իսկ նախագահին վերապահվում են ներկայացուցչական, արտաքին քաղաքականության արարողակարգային լիազորություններ։

 

Այլ խոսքով՝ խորհրդարանի կողմից յոթ տարով ընտրվող պաշտոնյան ունենալու է «անգլիական թագուհու» կարգավիճակ։

 

Բայց, ինչքան էլ «խուզված» լինեն նոր նախագահի լիազորությունները, այդ պաշտոնյան սահմանադրորեն հանդիսանալու է պետության գլուխը, ունենալու է որոշակի ազդեցիկություն, մեծ կամ փոքր «բաժնեմաս»՝ իշխանության համակարգում։ Այսինքն, չորրորդ նախագահը՝ նույնիսկ անկախ անձից, ինտեգրված է լինելու իշխանության էլիտային, մանավանդ՝ այս պաշտոնյայի ընտրությունը կախված է խորհրդարանական մեծամասնությունից, իդեալական տարբերակում (եթե ընտրվի առաջին փորձից)՝ նաեւ ընդդիմության կամ դրա մի հատվածի աջակցությունից։ Ասել կուզի՝ նախագահն ինչ- որ իմաստով խորհրդանշելու է քաղաքական մեծ ու փոքր համաձայնություններ՝ կամա թե ակամա ստանձնելով «քաղաքական արբիտրի» դեր։

 

Շատ է խոսվում այն մասին, որ հանրապետության չորրորդ նախագահը լինելու է Գագիկ Հարությունյանը, ով, տարիքի բերումով՝ լքելու է ՍԴ նախագահի պաշտոնը։ Միանգամայն հնարավոր տարբերակ է, երբ ուսումնասիրում ենք Հարությունյանի գործունեության վերջին 25 տարիները։ Նա փոխզիջումային կերպար է եւ, օրինակ, 1990-91թթ.-ին՝ կամրջի դեր կատարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր իշխանության ու հեռացող «կուսնոմենկլատուրայի» միջև։ Չգիտեմ՝ դրանից ինչքանով շահեց պետությունը, սակայն Գագիկ Հարությունյանն այսպես էլ չհեռացավ իշխանության օլիմպոսից՝ այնտեղ մնալով երկրի փոխնախագահի, վարչապետի եւ ՍԴ նախագահի պաշտոններում։ Հարությունյանն այս տարիներին ունեցել է ազդեցություն, սակայն գերադասել է մնալ ստվերում։ Նա ընդունելի ֆիգուր է իշխանությունն ամբողջացնող խմբավորումների համար, որովհետեւ նրանց հետ ունի նորմալ հարաբերություններ՝ առանց որեւէ կլանի հետ նույնանալու։ Չնայած ՍԴ կայացրած, մեղմ ասած՝ վիճահարույց վճիռների՝ Հարությունյանի հանդեպ լոյալ է նաեւ ընդդիմությունը՝ թերեւս իշխանության միջակության համատեքստում՝ գնահատելով նրա ինտելեկտուալ պոտենցիալը։ Մոտավորապես այսպիսի կերպար է կառավարման նոր համակարգը «նախապատրաստում» ապագա նախագահի համար։

 

Ընդ որում, Հարությունյանը խնդիր չի ունենա թե՛ այն պարագայում, եթե վարչապետ լինի Սերժ Սարգսյանը եւ թե՛ այն դեպքում, եթե այդ պաշտոնում մնա Կարեն Կարապետյանը։ Գործող նախագահը ՍԴ նախագահին անվերապահ վստահում է, Կարապետյանի հետ՝ Հարությունյանների գերդաստանն ունի խնամիական հարաբերություններ(Կարեն Կարապետյանի դուստրը Գագիկ Հարությունյանի եղբոր հարսն է):

 

2018թ.-ին նախագահի պաշտոնը տեսականորեն կարող է զբաղեցնել Սեյրան Օհանյանը։ Ասում եմ՝ տեսականորեն, որովհետեւ մի տեսակ հարթ տեղի չունեցավ գեներալի հրաժեշտը՝ ՊՆ նախարարի պաշտոնին։ Արտաքուստ քողարկված լարվածություն կա բարձրագույն իշխանության եւ Օհանյանի հարաբերություններում։ Տպավորություն կա, որ նախկին նախարարը ինքնադրսեւորման նոր՝ հավակնոտ հարթակ է փնտրում, իսկ իշխանությունները նրան կաշկանդում են «մտրակի եւ քաղցրաբլիթի» քաղաքականությամբ։ Իսկ գուցե այս ամենը մշակված տեխնոլոգիա՞ է, որպեսզի հասարակությունն ավելի լավ «մարսի» մի քիչ «ընդդիմադիր» Օհանյանի նոր մուտքն՝ իշխանություն։

 

Եթե Սերժ Սարգսյանը, 2018-ին, այնուամենայնիվ, վարչապետ է դառնալու, չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի համար նախատեսված է ԱԺ կամ հանրապետության նախագահների պաշտոնները։ Մանավանդ՝ խոստացվող բարեփոխումները կարող են նրան հասարակական վստահության որոշակի ռեսուրսով օժտել։

 

Սահմանադրորեն մեծ է լինելու նոր խորհրդարանի կշիռը, նաեւ՝ ծանրաբեռնվածությունը։ Գալուստ Սահակյանն իր պաշտոնին չի «ձգում» նույնիսկ այսօր եւ տրամաբանական կարող է լինել, որ թոշակի գնալու նրա ճանապարհն անցնի նախագահական պալատով։

 

Մի ժամանակ Հովիկ Աբրահամյանը երազում էր Սերժ Սարգսյանի «ժառանգորդը» դառնալու մասին։ Եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ Արգամիչի ծառայությունները դեռ պահանջարկված են, ապա նա կարող է ստանալ «փոխհատուցում»՝ նախագահի պաշտոնում նշանակվելով։

 

Եվ վերջապես՝ չորրորդ նախագահ կարող է դառնալ մեկը, ով իշխանություններին անգնահատելի ծառայություն կմատուցի խորհրդարանական առաջիկա ընտրություններում։ Մոտավորապես այն եղանակով, ինչի շնորհիվ՝ ժամանակին Արթուր Բաղդասարյանը հայտնվեց ԱԽ քարտուղարի պաշտոնում։

 

Սարգիս Հակոբյան