Պատահականություն է, թե` ոչ, միանգամայն օրինաչափ է, թե` անհասկանալի, բայց փաստը մնում է փաստ, որ մեզանում վաղուց համապետական չարիքի վերածված երևույթի` չարաբաստիկ կոռուպցիայի մասին խոսակցությունները թեժանում են հատկապես նախընտրական ժամանակահատվածներում, երբ իշխանությունները բնական կարիք են ուենում հասարակական աջակցության, կարիք են ունենում որոշակի վստահության մթնոլորտի ստեղծման`սեփական վերարտադրման պրոցեսը ավելի սահուն դարձնելու, ընտրություններին կանխատեսելիություն հաղորդելու համար:


Առջևում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, ինչը նշանակում է, որ բոլոր այն` ժողովրդի սրտից բխած նախաձեռնությունները, որոնց բավական աշխուժորեն ձեռնամուխ է լինում հայրենի կառավարությունը, հարկ է ավելի շատ դիտարկել ոչ թե իրական համակարգային փոփոխությունների տեսնակյունից ու համարել, որ վերջապես խելքի են եկել ու փորձում են շտկվել, այլ ավելի շուտ տեղի ունեցողը պետք է համարել` մեծ շոուի մի մասնիկ, որի բուն նպատակը մարդկանց շրջանում դրական սպասելիքների ձևավորումն է` դրանց շարունակականության կեղծ խոստումով:


Այսպես` բանից պարզվում է` վերոհիշյալ նպատակին հասնելու համար կառավարությունում մի նոր միջոց են մտածել, ու այսուհետ խոստանում են կենացմահու պայքար մղել ապօրինի հարստացման դեմ. կառավարությունը մշակել ու առաջիկայում ԱԺ քննարկմանն է ներկայացնելու մի օրինագիծ, որն, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական քարոզչական տրյուկը` հառաջս 2017-ի խորհրդարանական ընտրությունների. ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը ենթադրում է քրեական պատասխանատվություն այն պաշտոնյաների, նաև նրանց կանանց համար, որոնց գույքի և եկամուտների հայտարարագրումը չի համապատասխանելու ստացած աշխատավարձին։ Խոսքը 5 միլիոն դրամից բարձր շեմի մասին է։ Դրանից ցածրի պարագայում օրենքը որևիցե սահմանափակում չի անի։

Թե հատկապես կառավարությունում ինչին են ձգտում սրանով հասնել, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ. կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օրենքների պակաս կարծես մեր օրենսդրական դաշտը չի զվում, ու ցանկության դեպքում որքան ասես կարող ես գտնել համապատասխան ձևակերպումներ, ուր լրջագույն կերպով դատապարտվում է ապօրինի հարստացմանն ուղղված ցանկացած գործունեություն, ուր խոսվում է այն սարսափելի պատիժների մասին, որոնց կարժանանան բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն օրենք խախտել, ներքաշվել կոռուպցիոն մեխանիզմների մեջ. արդյունքը բոլորիս աչքերի առաջ է…


Եվ ուրեմն` հետևություն` խնդիրը ոչ թե օրենսդրական բացի մեջ է, այլ օրենքների անգործության. կոռուպցիան ու թալանն արմատախիլ անելու համար նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն օբյեկտիվորեն գոյություն չունի, ու դա հրաշալիորեն գիտակցում են նաև կառավարությունում`անշուշտ, ուր, սակայն, տարված լինելով ինքնագովազդվելու մոլուցքով` առիթը բաց չեն թողնում' բարեհունչ օրենքներ մշակելու ու դրանք հայրենի խորհրդարան հասցնելու: Կարծել, թե սույն օրենքի բացակայությունն է պատճառը, որ տասնյակ տարիներ ի վեր Հայաստանը թալանվում է մի խումբ անկուշտների կողմից, կատարյալ հիմարություն կլիներ:

 

Կասկածից վեր է` այս կամ այն արատը, որքան էլ այն խորքային բնույթ կրի, արմատախիլ անելու համար նույնիսկ մեկ օրենքն էլ կարող է բավարար լինել,եթե այն համապարփակ է, բազմաշերտ ու հստակ սահմանում է կոնկրետ թիրախը. քաղաքական կամք ու վճռակամությունն է հայաստանում պակասում'կոռուպցիայի դեմ պայքարում կոնկրետ արդյուների հասնելու համար, այլ ոչ թե օրենսդրական բացը:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ