20 նոյեմբեր, 1903 - 23 մարտ, 1956


Ծնվել է Շուշի քաղաքում: 1924թ. ավարտել է Թիֆլիսի Հայարտանը կից դրամատիկական ստուդիան, որի գեղարվեստական ղեկավարն էր Արշակ Բուրջալյանը: Նույն թվականին, Սկապենի դերից հետո (Մոլիերի «Սկապենի արարքները»), հրավիրվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ' Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), որտեղ երկար տարիներ եղել է առաջատար դերասաններից: Զբաղվել է նաև ռեժիսորական աշխատանքով, թարգմանել ռուս դրամատուրգների մի շարք պիեսներ: Դերասանի արտիստական խառնվածքը' խարակտերային, կատակերգական, որոշվել, կայունացել է բեմական կյանքի առաջին իսկ տարիներից: Նրա արվեստի բնորոշ կողմերից էին ճկուն պլաստիկան, կերպարի բնավորության վերին աստիճանի սուր զգացողությունը, անկաշկանդ խոսվածքն ու շարժուձևը, բարեհոգի, ներողամիտ հումորը: Խաղացած ներկայացումներից հիշարժան են' Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Վարդան), Մոլիերի «Երևակայական հիվանդ» (Թովմաս որդի), «Քաղքենին ազնվական» (Ժուրդեն), «Բամբասանք և սեր» (Տիտա-Նանե), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), «Քանդած օջախ» (Գիժ Մոզի), «Պեպո» (Գիքո), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Դոբչինսկի), Վ.Փափազյանի «Ժայռ» (Քաչալ Մարտիրոս), Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» (Տյուլենին), Գ.Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են» (Շահեն) և այլն: Դերասանական արվեստ և ռեժիսուրա է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1934թ-ից նկարահանվել է կինոյում' «Գիքոր» (1934թ.), «Պեպո» (1935թ.), «Կարո» (1937թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.), «Մանրուք» (1954թ.), «Ոսկե ցլիկ» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1955թ.), «Պատվի համար» (1956թ.) և այլն: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման և ԽՍՀՄ Պետական մրցանակի:

 

Մահացել է Երևանում: