Հայ հասարակությունը կամ առնվազը դրա առողջ հատվածը, որ երբեք իրեն կտրված չի համարել հայությանը վերաբերող պրոցեսներից ու մշտապես պրպտել ու ելքեր է առաջ քաշել, այսօր էլ, բարեբախտաբար, ձեռքերը ծալած չի նստում ու փորձում է անել իրենից կախված ամեն ինչ՝ հասարակության ձայնը վերևներին հասցնելու, հայրենասեր հայորդիների անհանգստությունները բարձրաձայնելու։ Օրերս «Միասնություն» համազգային շարժման անդամների կողմից արցախյան խնդրի շուրջ կազմակերպված բաց քննարկումը հենց նպատակ ուներ բարձրաձայնելու այն մտահոգությունները, որ կան հասարակությունում՝ կապված տագնապալի ազդակների հետ, որոնք հատկապես վերջին շրջանում ստացվում են վերին քաղաքական էշելոններից:


Չնայած դեռևս արցախյան ճակատում համեմատաբար հանգիստ իրավիճակ է տիրում, ու թշնամու կողմից հրադադարի պարբերական խախտումներն առայժմ այն ծավալների չեն, որպեսզի հաստատապես կարելի լինի խոսել մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման անխուսափելիության մասին, սակայն չտեսնել այն հասունացող սպառնալիքը, որ հետզհետե է՛լ ավելի մեծ մասշտաբներ է սկսում ձեռք բերել, աններելի կարճատեսություն կլիներ: Ալիևի վերջին հայտարարություններն ամենաակնառու վկայություններն են այն բանի, որ Բաքուն մտադիր չէ հետ կանգնել իր ռազմատենչ հռետորաբանությունից ու հարմար առիթ է փնտրում՝ հայկական պետությունների դեմ նոր ու ավելի արկածախնդիր հարձակում սկսելու համար: Ուստի՝ հարց է առաջանում՝ պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանն ու հայ հասարակությունն իրադարձությունների անկանխատեսելի զարգացմանը, և որոնք են այն ներքին մարտահրավերները, որ ներկայումս ծառացած են Հայաստանի առջև:

 

Նախ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, որ մեզանում դեռևս չի ձևավորվել մեկ միասնական ընկալում այն հարցի շուրջ, թե ասենք նույն «փոխզիջում» ասելով՝ ինչ է նկատի առնվում, կամ որն է այն սահմանը, որից անդին քննարկումներն ու խոսակցություններն այլևս չեն կարող շարունակվել: Ասել կուզի՝ մենք ինքներս մեզ համար դեռևս լիովին չենք պարզել՝ ինչ ենք ուզում: Պետք է նկատել, որ հիմնական տեսակետը, որ ներկայումս իշխող է հատկապես իշխանական էլիտաների մոտ, «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևն է, ինչը, ըստ էության, առևտրի առարկա է դարձնում թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի անվտանգութունը, քանի որ առնվազն հիմար պետք է լինել՝ կարծելու, թե Ալիևի նպատակը ոչ թե Ստեփանակերտը կամ Երևանը գրավելն է, այլ մեր կողմից ազատագրված շրջաններից մի քանիսն իրենով անելը։ Բաքուն երբեք չի թաքցրել իր հավակնությունները ոչ միայն Արցախի հանդեպ, այլև՝ Հայաստանի՝ Երևանը համարելով ադրբեջանական տարածք, որը, բա չեք ասի, «անօրեն հայերը զոռբայությամբ իրենցով են արել»:

 

Թե հատկապես ինչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել մի պարագայում, երբ նույնիսկ տարրական վստահություն գոյություն չունի կողմերի միջև, երբ Ադրբեջանում հայատյացությամբ են սնում նույնիսկ մանկահասակ երեխաներին, այնքան էլ հասկանալի չէ։ Ակնհայտ է, որ հայկական իշխանությունների խաղաղասիրական դիրքորոշումն այս հարցում ավելորդ է և վկայում է կա՛մ անհիմն լավատեսության, կա՛մ, լավագույն դեպքում, որոշակի դիվանագիտական խաղի մասին, որի նպատակը իբր միջազգային հանրության աչքում Ադրբեջանի՝ որպես արյունարբու պետության վարկաբեկումն է, պատասխանատվությունը Բաքվի վրա գցելը (թե ինչ կստացվի այս ամենի արդյունքում, անքան էլ տեսանելի չէ):


Սակայն արցախյան հիմնախնդիրը միայն ռազմաքաղաքական հարց չէ, այն նաև հումանիտար խնդիր է, քանի որ պետք չէ մոռանալ՝ մինչ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները միմյանց միջև հարաբերություններ կպարզեն ու կորոշեն տարածաշրջանի ճակատագիրը, Արցախի ժողովուրդը տառապում է, մաքառում՝ զրկված լինելով որևիցե էական միջազգային աջակցությունից, ինչը,պետք է խոստովանել, վկայությունն է ոչ միայն աշխարհի անտարբերության, այլև Հայաստանի արտաքին քաղաքականության թերիության։ Մեզ այդպես էլ չի հաջողվում քաղաքակիրթ աշխարհին արցախյան հարցը ներկայացնել տարբեր կողմերից, բացատրել, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն հայությանը, այլև իրենց հումանիզմի ջատագովներ ներկայացնող երկրներին ու համամարդկային մասշտաբներ ունի, քանի որ այն անտարբերությունը, որ Արցախի ժողովրդի հանդեպ դրսևորվում է, ոչ այլ ինչ է, եթե ոչ պետությունների կեղծ արժեքների արդյունք ու արգասիք, երբ տեղի տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին՝ շատ երկրներ նախընտրում են լռության մատնել արցախցու տառապանքը, մաքառումն ու պայքարը՝ դուրս թողնելով Արցախը սոցիալական, կրթական, մշակութային համաշխարհային ծրագրերից:


Բայց ինչպիսին էլ լինի աշխարհի վերաբերմունքը, անհերքելի է՝ Արցախի տերն ու տիրակալն ինքը՝ արցախցին է, ու հենց նա է որոշելու սեփական բնօրրանի ճակատագիրը: Մեզ միայն մնում է հնարավորինս աջակցել ու նեցուկ լինել նրան՝ հաստատ վստահ լինելով՝ արցախցու անկոտրում ոգու առաջ ծնկի է գալու ոչ միայն թշնամին, այլև խոնարհվելու է ողջ աշխարհը…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ