Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության պաշտոնական կայքն անդրադարձել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմին: Կայքը գրում է, որ ֆիլմը հիմնված է 1988 թվականին Հայաստանու մ տեղի ունեցած երկրաշարժի իրական պատմության վրա, որը խլել է շուրջ 25 հազար մարդու կյանք:

 

«Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի համար դա շատ հատուկ նախագիծ էր, որը ցանկանում էր իրականացնել կատարվածից 30 տարի անց' պատմելու պատմություն ոչ միայն մահվան և ավերածությունների, այլև մղձավանջի ժամանակ հույսի և համայնքի միության մասին»,- գրում է կայքը:

 

«Երկրաշարժ» ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին: Ֆիլմում բնական աղետի ֆոնին ծավալվում է երկու հերոսների' 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։ Ճակատագրի դիպվածով' սա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով Ռոբերտի ծնողները զոհվել էին ավտովթարից։ Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստան են տվել ազգականները։ Բերեժնոյը վերադառնում է իր ընտանիքի մոտ հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, որն այդպես էլ չի ներել նրան։ Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում: