2018 թ.-ի համար՝ «Գազպրոմ Արմենիայի» կողմից նախատեսվել է մեծ ներդրում՝ մոտ 18 միլիարդ դրամ, որը պետք է ներառվի սակագնի մեջ, ինչը կարող է 2018 թ.-ին հանգեցնել գազի սակագնի բարձրացմանը։ Սա ենթադրություն կամ բայղուշություն չէ, ռեալ տնտեսական հաշվարկ է՝ անկախ այն հանգամանքից, որ «Գազպրոմ Արմենիայում» գրեթե երդվում են, որ 2018-ին գազի գինը չի բարձրանա։
Աղքատ հասարակություններն ուրախանում են ցանկացած էժանացումից եւ էյֆորիայի մեջ՝ տարալուծվում են կարեւոր հարցերի պատասխաններ։ Հինա՝ մոտավորապես այսպիսի վիճակ է Հայաստանում, երբ աղքատության ճիրաններում հայտնված հասարակությունը, մեծ հաշվով, որեւէ սպասելիք չունի պետությունից եւ առաջնորդվում է «շնից մազ պոկելու» կենցաղային տրամաբանությամբ, եթե նույնիսկ գազի գինն ամիսներ կամ մեկ տարի անց բարձրանա։
Գազի գնի իջեցման տնտեսական փաստարկներ չեն ներկայացվում, ոչ էլ վերացված է «Գազպրոմ Արմենիայի» կոռուպցիոն եւ ոչ արդյունավետ կառավարումը։ Հասարակության նկատմամբ «բարեսրտությունն» ունի բացառապես քաղաքական շարժառիթներ։ Ընդ որում, դրանք առկա են թե Մոսկվայում, թե Երեւանում։ Տեսանելի է, որ «էժան գազ» օպերացիայի շրջանակներում՝ Մոսկվան փորձում է ռացիոնալ բնույթ հաղորդել իր հայաստանյան ազդեցությանը՝ հանրային բարենպաստ կարծիք ձեւավորելով ռուսական ազդեցության մասին, ու նաեւ նպաստել Հայաստանում իշխանության այնպիսի կոնֆիգուրացիայի ձեւավորմանն, որը հնարավորինս ձեռնտու լինի Մոսկվային։
Գլոբալ իմաստով՝ ապրիլյան պատերազմը բեկումնային եղավ Հայաստանի հասարակական կարծիքի համար։ Ադրբեջանին վաճառված ռուսական զենքից զոհվել են տասնյակ հայորդիներ, ինչը պատճառ է դարձել, որ մեր ժողովուրդն՝ ոչ թե օրհնի, այլ անիծի «էն սահաթը»։ Ոչ մի «Իսկանդեր» ու էժան գազ չեն կարող փոխհատուցել նահատակված երիտասարդների կյանքը։ Սա շատ լավ հասկանում են Մոսկվայում եւ փորձում են՝ «էժան գազ» օպերացիան զուգակցել Հայաստանի իշխանությանը «հումանիտար» դեմք հաղորդելով։ Եթե նույնիսկ Կարեն Կարապետյանի նշանակման հարցը Մոսկվայում չի համաձայնեցվել, այդ կերպարը Կրեմլի համար անհրաժեշտություն է՝ իր սասանված հեղինակությունը Հայաստանում վերականգնելու համար։ Նույն տրամաբանությամբ՝ եթե նույնիսկ Կարեն Կարապետյանը «Մոսկվայի մարդն» է, նրա կերպարը անհրաժեշտ է Հայաստանի իշխանությանը՝ վերարտադրության խնդիրը լուծելու համար։
Հանուն քաղաքական խնդիրների՝ Կրեմլը կարող է զոհաբերել մի քանի միլիոն դոլար, նույն պատճառով՝ Հայաստանի իշխանությունը պատրաստ է տեղավորվել «ռուսական սցենարներում»։ Այս գործընթացը տեւական է ու այդ ընթացքում՝ մեր ժողովուրդը կունենա էժան գազ։ Գազի գինը կրկին կբարձրանա, երբ Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունները լուծած կլինեն իրենց խնդիրները։ Դա կարող է տեղի ունենալ 2018 թ.-ի ամռանը, գուցե՝ մի փոքր ավելի ուշ։
Սարգիս Հակոբյան