Այսօր, դեկտեմբերի 3-ին, ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:
Այն հռչակվել է 1992թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը, ապահովելով լիակատար սոցիալական ներառումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:
Այս իմաստով, մեր երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան'սկսած գործատուների վերաբերմունքից մինչև իսկ՝ զուտ մարդկային շփումներ, չնայած այն հանգամանքին, որ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց կոնվենցիան և այն ուժի մեջ մտավ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ դառնալով ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս:
Որևէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն տալու համար մեծագույն անհրաժեշտություն է ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների, շենքերի և այլ ծառայությունների մատչելիությունը։