ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:
-Պարոն Պեպանյան, ընտրությունների նախաշեմին ձևավորվում են նոր ուժեր, դաշինքներ, կուսակցություններ: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցող գործընթացները:
- Իմ տեսակետը քանիցս արտահայտել եմ հրապարակավ. ընտրություն անցկացնելը վաղաժամ է և վտանգավոր: Ընտրություն անցկացնելու համար անհրաժեշտ է քաղաքականապես գրագետ ընտրող, համապատասխան մակարդակի ազգային ոգի, արդարադատության համակարգ: Այս երեքից և ոչ մեկը չունենք: Մինչդեռ Լը Բոնը դեռ 100 տարի առաջ էր փաստել, որ նման դեպքում երկիրը քայքայվում է, ժողովուրդը՝ հուսալքվում:
Ես գործընթացները գնահատում եմ հետևյալ չափանիշով՝ արդյո՞ք քաղաքական ուժերը գիտակցում են սա և առաջարկում ելք՝ իրավիճակից: Տխրությամբ պիտի փաստեմ, որ՝ ո՛չ: Այնպես որ՝ քաղաքական դաշտից էական սպասումներ ունենալու հիմքեր չկան:
- ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության համամասնական ցուցակը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը: Արդյո՞ք Տեր Պետրոսյանը չի սպառել իրեն: Ի՞նչ նպատակ է նա հետապնդում՝ քաղաքական հայտ ներկայացնելով: Իր գալով ՀԱԿ-ը կվերակենդանանա՞, թե՞ էֆեկտը շատ թույլ կլինի: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը Երրորդ հանրապետության թիվ մեկ հռետորն է և ամենածանրակշիռ քաղաքական գործիչը: Ու թերևս դեռ երկար ժամանակ նա կլինի առաջինը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ տվյալները դեռ բավարար չեն երկրում նշանակալի դրական փոփոխությունների հասնելու համար: Նա առանձնակի չի հաջողել նախագահի պաշտոնում, չի կարողացել հաղթահարել իշխանությունների դիմակայությունը 2008թ. նախագահական ընտրություններում, 2013թ. Երևանի ավագանու ընտրություններում, ապա անհաջողություն ունեցավ՝ Եռյակի հետ կապված: Նրա շարժումներից ոչինչ չի մնացել, քաղաքական միտքը դրանցից որևէ համալրում չի ստացել: Ես չեմ նկատել, որ իր կողմից արվել է անհրաժեշտ հետևություն կատարվածի վերաբերյալ: Ավելին, նա ժամանակներ առաջ հնացած համարեց առաջին հանրապետության շրջանի մեր մեծերի մոտեցումը՝ ազգային վերափոխման ուղու հետ կապված: Մինչդեռ այդ մոտեցումը միակ ելքն է: Իր փոխարեն ես երկար կմտածեի ընտրապայքարի մեջ մտնելուց առաջ:
-Պարոն Պեպանյան, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք: Այս ընթացքում նա հասցրե՞լ է, ըստ Ձեզ, որևէ ռեալ քայլ կատարել, թե՞ ամբողջ աշխատանքն ուղղված է զուտ բարեփոխիչի իմիջ ձևավորելուն:
- Նախորդ կառավարությունները եղել են ձանձրույթի կառավարություններ, ժողովուրդը նունիսկ չի հետաքրքրվել, թե ով եկավ, ով գնաց: Ու որևէ հույս էլ չեն կապել կառավարության հետ:
Կարեն Կարապետյանն առանձնանում է մյուսներից, քանի որ խոսում է երկրի խնդիրներից, և ժողովրդի մի որոշ շերտի մոտ փոփոխությունների հույս է առաջանում: Հարցը դիտարկենք այսպես՝ առաջիկայում որոշվելու է ոչ թե Կարեն Կարապետյան վարչապետի վարկանիշի հարցը, այլ մեր պետության գոյության, քանի որ այսպես շարունակելու դեպքում մեր պետությունը երկար կյանք ունենալ չի կարող: Որպեսզի վարչապետը հաջողի, հարկավոր է, որ լինի ժողովրդական լայն զանգվածների, քաղաքական դաշտի՝ ընդդիմադիր, թե իշխանական, աջակցությունը, ունենա ուժեղ ու նվիրված թիմ: Առ այսօր ես չեմ նկատում այդ աջակցությունն ու թիմը: Ու գլխավորը՝ վարչապետի թիկունքում պիտի կանգնի Սերժ Սարգսյանը:
Կրկնում եմ՝ օրակարգում Կարեն Կարապետյանի հարցը չէ, այլ պետության: Կարեն Կարապետյանի խոսելու ժամանակը սպառվում է, եկել է գործելու ժամանակը. նա հույսեր է առաջացրել և հիմա հարկադրված է համարժեք քայլեր իրականացնել: Այլապես՝ նա վարկանիշի սոսկալի գահավիժում կունենա:
-Սերժ Սարգսյանը համագումարի ժամանակ հայտարարեց, որ Կարապետյանը լինելու է վարչապետի՝ իրենց թեկնածուն: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը:
- Նորմալ: Կարեն Կարապետյանը պիտի վստահ լինի, որ ունի գործելու բավարար ժամանակ, այլապես ոչ ոք երեք ամսվա համար, այն էլ նախընտրական դժվարին փուլում, չի համաձայնվի զբաղեցնել վարչապետի պատասխանատու, ու հեղինակության տեսանկյունից՝ վտանգավոր պաշտոնը:
Քրիստինա Աղալարյան