Երեկ հայտնի դարձավ, որ, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղարարական հարթակին» է միացել ևս մեկ հայ՝ Ստեփանակերտի բնակիչ Լուսինե Ներսիսյանը: Վերջինս ադրբեջանական haqqin.az լրատվական կայքին հարցազրույց է տվել, որտեղ քննադատել է, իր կարծիքով, ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող վատ իրավիճակը: 19-ամյա աղջկա ֆեյսբուքյան էջըերեկվանից օգտատերերի հարձակման թիրախ է դարձել: Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: 

 

-Պարոն Բաբայան, իրականում ինչու՞մն է խնդիրը: 


-Խնդիրը նրանում է, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն ներգրավված է հիբրիդային պատերազմի մեջ և լրատվական դաշտում ամեն օր ինչ-որ դիվերսիոն գործողություն է կատարում: Սա միանշանակ է: Բայց, սա չի կարելի դասել որպես ադրբեջանական կողմի հաջողություններ: Ու՞մ են նրանք կարողացել «վերբովկա անել». մի շիզոֆրենիկի, ով հաշվառված է եղել հոգեբուժարանում, կիսախելագար անձնավորությունների, որոնք ո՛չ արժեք ունեն, ո՛չ պատիվ ունեն, իրենցից որևէ բան չեն ներկայացնում: Դա ոչ թե հաղթանակ է, այլ պարտություն է: Նրանք դավաճաններ են: Խաղաղ պայմաններում դավաճաններ են դառնում շիզոֆրենիկները, հիվանդները, որովհետև հնարավոր չէ, որ նորմալ մարդը դառնա դավաճան: Պատերազմի ժամանակ բազմաթիվ գերիներ են լինում, բայց ոչ բոլորն են դառնում դավաճան, իսկ խաղաղ պայմաններում կամովին դառնալ դավաճան... մարդ պետք է տականք լինի այդ դեպքում: Հիմա, եթե նրանք այդպիսի տականքների վրա միլիոններ են ծախսում ու փիառ անում, նշանակում է՝ Ադրբեջանում իրոք իրավիճակը շատ բարդ է: Դավաճաններ բոլոր հասարակություններում լինում են, կան ու կլինեն: Մենք տեսնում ենք, որ նոր երևույթ է ծագել ու նման դավաճան լրատվամիջոցներում աշխատողները ծառայում են ադրբեջանական քարոզչամեքենային: Կրկնում եմ՝ դա որևէ արժեք չի ներկայացնում: Կան մարդիկ, որ ասում են՝ պետք է այդ մարդկանց պատժել, ոչնչացնել: Ես կարծում եմ, որ նրանք առանց այդ էլ դիակներ են. ինչպե՞ս կարելի է դիակին սպանել: Ավելին, թող դրանք մնան, «նեխեն» ու իրենց նեխածի հոտն այնքան ակնառու պետք է լինի, որ մարդիկ հասկանան՝ ինչ է դավաճանությունը: 

 

- Ադրբեջանի հատուկ ծառայությունները տիրապետո՞ւմ են Հայաստանում և Արցախում իշխանություններից դժգոհ մարդկանց, ակտիվիստների կամ զինվորականների տվյալներին: Իրենք կոնկրետ աշխատո՞ւմ են ՀՀ-ում և Արցախում մարդկանց «վերբովկա անելու» ուղղությամբ: 


-Այն, որ աշխատում են, սա միանշանակ է: Նրանց հեշտ է գտնելը: Բայց եթե կան մարդիկ, որոնք այլ քաղաքական հայացքներ, կարծիքներ ունեն, իշխանություններից տարբեր, չեմ կարծում՝ բոլորը պետք է գնան դավաճանության: Այդպիսի մարդիկ քիչ են, նրանց դժվար չէ գտնելն ու աշխատելը: Մարդիկ կան, որոնց հետ պետք էլ չէ աշխատել, որովհետև նրանք այնքան են մաղձով լցված, այնքան ապազգային են դարձել, որ ձրի աշխատում են հակառակորդի օգտին: Դա ուրիշ խնդիր է: Ցանկացած պետություն պետք է իր հակառակորդի դեմ աշխատի, սա բնական է: 

 

-Պարոն Բաբայան, ի՞նչ եք կարծում, այս համատեքստում հայկական կողմից հնչող հերքումները, հրապարակումները բավարա՞ր են: 


-Եթե ինչ-որ մի բան իրականությանը չի համապատասխանում, պետք է ասվի: Ադրբեջանն ի՞նչ է անում: Մի երկու շիզոֆրենիկների է գնել և փորձում է ուռճացնել ու ցույց տալ,  որ շատ են: Սա էլ է խաղ, որպեսզի ազդի ժողովրդի վրա: Բայց ես չեմ կարծում, որ մեր իմունային համակարգն այնքան թույլ է, որ դրանով կարող ենք խոցելի դառնալ: Քաղաքական, բարոյական դիակները այնպես պետք է նեխեն իրենց գործունեության մեջ, որ երևա: Թող երևա, թե ինչ է նշանակում դավաճանություն: Իրենք իրենց հակահայկական գործունեությամբ է՛լ ավելի կամրապնդեն մեր իմունային համակարգը: 

 

-Իսկ 19-ամյա աղջկա մասին մանրամասներ չե՞ք կարող փոխանցել: Ի՞նչ հանգամանքներում է հարցազրույց տվել: 


-Դեռ պետք է այդ ամենը պարզել, հստակ պատասխաններ ունենալ: Կան մարդիկ, ովքեր ավելի զգայուն են լինում, կամ այլ կեցվածք են ընդունում, չհասկանալով, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ուզում, այլ՝ փորձում է բթացնել մեր զգոնությունը: 

 

Քրիստինա Աղալարյան 


Ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց տված Լուսինե Ներսիսյանը