ՀՀԿ-ի նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեքնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ համոզմունք հայտնելով, որ նրանից բացի՝ այս պահին այլ թեկնածուներ չկան:

«Ես որպես կուսակցության խոսնակ, պաշտոնապես հայտարարել եմ, որ ՀՀԿ-ի նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է։ Երբ լինի խորհրդի նիստ, ապա ես, սահմանված կարգով, կներկայացնեմ որոշումները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ արդեն հայտարարվել է, որ առաջիկայում սպասվում է կուսակցության խորհրդի նիստ, որին կհաջորդի կուսակցության Գերագույն մարմնի նիստը: Նշենք նաև, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս չի բացառել Կարեն Կարապետյանի՝ կուսակցության փոխնախագահ նշանակվելը:

Շարմազանովը չշտապեց բացել փակագծերը այն մասին՝ կլինե՞ն արդյոք ՀՀԿ կազմի փոփոխություններ, թե՞ ոչ։ «Խորհուրդը 200 հոգուց ավել է և պարբերաբար մեզ մոտ՝ խորհրդում, թարմացումներ են լինում, և լինում են նաև մարդիկ, ովքեր լքում են այն։ Խորհուրդը կենդանի օրգանիզմ է և պարբերաբար փոփոխվում է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ չբացառելով նաև հաջորդ խորհրդարանում նոր դեմքեր լինելու հանգամանքը:

Ի դեպ՝ այսօր ևս ՀՀԿ-ն կուսակցության Գերագույն մարմնի նիստ կհրավիրի: