Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը երեկ տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե, իբր, Արցախի բնակչուհի Լուսինե Ներսիսյանը միացել է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի նախաձեռնած «խաղաղության պլատֆորմին», որն իրականում հակահայ բովանդակություն ունի: Հայերեն զրույցին կցված ռուսալեզու տեքստն ամբողջովին աղավաղված էր, Լուսինեին վերագրվել էին հայտարարություններ, որոնք նա իրականում չէր արել:
Արձագանքելով կատարվածին՝ Լուսինե Ներսիսյանը սոցցացնի իր էջում գրել է. «Հարգելիներս ինչ տեսել եք սոցիալական կայքերում, իմ ու Վահան տականքի կարճատև տեսանյութերը և հարցազրույցը, որը թարգմանվել է այդ սրիկայի կողմից՝ ռուսական տարբերակով, այնինչ ես նրա հետ գրվել եմ հայերենով, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ...
Խոսակցությունները իբր իմ ձերբակալության վերաբերյալ.....վստահեցնում եմ բոլորիդ, որ դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնվում եմ իմ գյուղում, մեր տանը, ու մտահոգված եմ այս ամենի համար: Ինձ ճանաչողները, ինձ գիտեն որպես հայրենասեր աղջիկ և վստահեցնում եմ, որ այդպես էլ կա և դա ապացուցելու համար պատրաստ եմ հանդես գալ հանրության առաջ, այդ բոլոր կեղծ լուրերը հերքելու նպատակով»:
Նշենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունից ևս «Արցախպրեսս»-ի հետ զրույցում հերքել էին ադրբեջանական կայքերի հրապարակած կեղծիքը, թե Լուսինե Ներսիսյանը ձերբակալվել է: