Դերասան Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությանը՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ» (Ք.Ա.Ք.) կուսակցություն ստեղծելու հետ կապված, խորհրդարանական ուժերը լուրջ չեն մոտենում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքական ուժերի ներկայացուցիչները կամ հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, կամ էլ հեգնեցին, թե դա որևէ լրջություն չի պարունակում իր մեջ:
Առաջին արձագանքողը եղավ իշխող ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, ով նախընտրեց որևէ մեկնաբանություն չտալ դրա հետ կապված: «Ոչ մի վերաբերմունք չունենք, ոչ մի ձև էլ չենք վերաբերվում»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:
Գրեթե նույնը պատասխանը ստացանք նաև ՀԱԿ-ից: Մեզ հետ զրույցում խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն արձագանքեց, որ հարցին չի ուզում պատասխանել. «Չեմ կարող պատասխանել»,- հրաժարվեց պատգամավորը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ընդհանրապես տեղեկություններ չուներ, թե ով է Սերգեյ Դանիելյանը և ինչ կուսակցության մասին է խոսքը գնում: «Ո՞վ է Սերգեյ Դանիելյանը… Ես որևէ ինֆորմացիա չունեմ, որ հարցը մեկնաբանեմ»,- ասաց նա:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդհանրապես հրաժարվեց պատասխանել հարցին:
Մեր հարցերին ու զանգերին չպատասխանեցին նաև պատգամավորներ Էդմոն Մարուքյանը,Խաչատուր Քոքոբելյանը և Մհեր Շահգելդյանը:
Արմինե Եփրեմյան