«Երրորդ հանրապետություն» կուսակցության շարքերը վերջերս համալրած Վիկտոր Դալլաքյանը տևական լռությունից հետո հանդես եկավ մամուլի ասուլիսով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դալլաքյանը հայտարարեց, որ մոտակա օրերին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես կգա քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ:
«Վստահեցնում եմ՝ Սեյրան Օհանյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, կհայտարարի քաղաքականություն իր մուտքի մասին։ Նա կասի, թե որ ուժի հետ է գալիս և ինչպես, այդ ամենը կիմանանք նրանից»,- նշեց Վ. Դալլաքյանը և հավելեց՝ Օհանյանը համակարծիք է իր տեսակետների և խնդիրների լուծման եղանակների հետ:
Դալլաքյանի խոսքով՝ ինքը հրաժարականից հետո բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ: «Եթե մեզ հաջողվի հասնել լայն համագործակցության և ձևավորել դաշինք, դրան կարող են մասնակցել հայտնի տարբեր կուսակցություններ և ռազմական ու քաղաքական գործիչներ, որոնք կարող են գլխավորել դաշինքի ցուցակը՝ անգամ լինելով անկուսակցական»,- շեշտեց բանախոսը:
Ի դեպ՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանը դեկտեմբերի 23-ին կայանալիք 7-րդ արտահերթ համագումարի ժամանակ հրաժարական կտա և կընտրվի կուսակցության նոր ղեկավար:
Իսկ Վիկտոր Դալլաքյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ համագումարի ժամանակ կընդունեն նոր կանոնադրություն, նոր ծրագիր և այլն: Նա նշեց, որ համագումարը կանոնադրական բնույթի է լինելու. քննարկվելու են ծրագրային խնդիրներ, կողմնակի հյուրեր չեն հրավիրվելու: