Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց՝ որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական պրոցեսներին, մասնավորապես՝ առաջիկա ընտրական գործընթացներին: «Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար: Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման: Կարևորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ»,- իր հայտարարության մեջ ասել է Օհանյանը: 

 

Օհանյանի հայտարարության վերաբերյալ զրուցեցինք ազատամարտիկ Արա Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) հետ: «Խոսքի ազատության տեսանկյունից՝ նորմալ եմ դիտում դա, իր իրավունքն է: Բայց հետագա զարգացումներում ես Սեյրան Օհանյանին տեսնում եմ որպես թիրախ՝ թե ժողովրդի կողմից, թե ազատամարտիկների, առավել ևս՝ զինվորականների, եթե ինքը փորձի զբաղեցնել, թեկուզ պայմանավորված վիճակով, ընդդիմադիր դաշտը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձորի Արոն»: 

 

Ազատամարտիկի խոսքով՝ սա Սեյրան Օհանյանի համար կլինի վատագույն արդյունքներից մեկը: «Նրա՝ անցած տարիների լավ ու վատ կարգավիճակը, սպիտակ ու կեղտոտ սպիտակեղենը կլցվի փողոց և ժողովուրդը կսկսի արդեն հատ-հատ ստուգել՝ որից հետո ինչն է եղել: Չմոռանանք՝ Օհանյանը 2008 թվականին ղեկավարում էր մարտյան դեպքերը, շտաբի պետն էր: Եթե Օհանյան Սեյրանը չղեկավարեր մարտյան դեպքերը և ապրիլյան պատերազմի ժամանակ հողակտորները ոչ թե կորցնեինք, այլ գրավեինք մինչև Շեփեք և Կիրովաբադ, ապա դա կլիներ Օհանյան Սեյրանի քաղաքական դաշտի հաջողությունը, իսկ այս դեպքում նա պետք է իրեն հաջողություններ փնտրի: Այդ դեպքում ես տղաներին կհավաքեի ու կսատարեինք նրան, բայց՝ ո՛չ այս դեպքում:

 

Այս ամեն ինչում նա պետք է ավելի խորամիտ լիներ, իրեն նախազգուշացումներ էին արել, բայց նա գնաց տետատետ, напротив, եթե իհարկե՝ սա պայմանավորվածություն չէ՝ կլանային առումով ընդդիմադիր դաշտը հատկացնեն մեկին, ում արմատական կապը Արցախի հետ է»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը: 

 

Հստակեցմանը՝ սա պայմանավորվածություն է Սեյրան Օհանյանի և իշխանութունների՞ միջև, Խուդավերդյանը պատասխանեց. «Այսպիսի մի խոսք կա Հայաստանի մասին: Եթե գլխանց աբորտ են անում, ուրեմն պայմանավորված չէ, եթե զարգացումներ է ստանում, ուրեմն պայմանավորվածություններն են»Ազատամարտիկը չի կարծում, թե մեծ հաշվով, Սեյրան Օհանյանի շուրջ որևէ ազատամարտիկ կհամախմբվի: 


«Բայց կլինեն որոշակիներ, որոնք կգնան հույսով՝ ֆինանս կճմթելու: Մի քիչ դժվար է ինձ համար դա ասելը, որովհետև ինքս ատելությամբ եմ նման պրոցեսներին նայում, որովհետև մարդ, ով գաղափարների ի կատար ածումը բերում-համեմատում է մի փոր հացի ու զուգարանի հետ, այդ պահից ոչնչանում է ամեն ինչ: Որոշակի պատվախնդիրներ կլինեն, որոնք կգնան մի երկու կոպեկ կճմթելու, բայց ընդհանուր՝ չեմ կարծում, որ կհավաքվեն: Չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանն էլ կկարողանա հաջող բաների հասնել»,- շեշտեց նա: 

 

«Կոռնիձորի Արոն» բացառեց, որ Օհանյանի հետ որևէ համագործակցություն կլինի. «Մոռացեք, որովհետև իր գործելաոճը լրիվ այլ ֆռոնտի է, իմը՝ լրիվ այլ: Ես սկզբունքորեն եմ ամեն ինչին մոտենում, ինքը՝ կլանային, ես մոտենում եմ որպես հայ ժողովրդի, հայ պետականության, ինքը մոտենում է ղարաբաղյան կլանի՝ ոնց կասեն, նենց կլինի: Գաղափարների ու մոտեցումների տարբերություն կա: Մենք անհնագստանում ենք Հայաստանի ու հայ ժողովրդի համար, իրենք անհանգստանում են, որ ինչ-որ տեղից բան փախցնեն, կլանում իրենց ուրույն դիրքն ունենան ու պահեն կլանային շահերը»: 

 

Քրիստինա Աղալարյան