«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օրեր առաջ հրապարակայնորեն մեղադրանքներ հնչեցրեց ԼՂՀ փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանի հասցեին՝ նրան մեղադրելով 2002 թ. հիմնադրված «Մարտիկ» հիմնադրամի գումարները փոշիացնելու և հիմնադրամի ֆինանսական գործունեության մասին տվյալները չհրապարակելու մեջ:

 

Հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանն արձագանքե՞լ է Անահիտ Բախշյանի հայտարարությանը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց ճշտել տիկին Բախշյանից: «Իմ կողմից բարձրաձայնված հարցերին մինչ այսօր չի տրվել պատասխան: Ես շատ կոնկրետ հարցեր եմ տալիս՝ տարիներ շարունակ միլիոններ են ծախսել կանոնադրական նպատակների վրա, այդ ի՞նչ նպատակներ են դրանք, որքանո՞վ են հրամանատարական կազմը և զինվորներն ավելի կրթված դարձել այդ հիմնադրամի շնորհիվ, քանի՞ զինհաշմանդամի կամ վիրավոր զինվորի են օգնել, ի՞նչ բարեգործական գործունեություն են ծավալել: Սրանք շատ կոնկրետ հարցեր են, որոնք հնչեցրել եմ և դեռ պատասխաններ չեմ ստացել: Պետք չէ, որ պարոն Աղաբեկյանն ինձ անձամբ այդ պատասխաններն ասի, ես ցանկանում եմ, որ դրանք հրապարակվեն»:

 

Ըստ Անահիտ Բախշյանի՝ բավարար չէ Արթուր Աղաբեկյանի այն հայտարարությունը, որ պատրաստվում են 2016 թվականի կանոնադրական նպատակները հրապարակել. «Թեև պարոն Աղաբեկյանը հայտնել է, որ մինչև տարեվերջ իրենք կհրապարակեն հիմնադրամի՝ 2016 թ.-ին իրականացվելիք ծրագրերը, բայց դա դեռ բավարար չէ, որ քանի որ 2016 թվականի հաշվետվությունը դեռ ազդարարում դրված չէ և համեմատելու հնարավորություն չունենք»:

 

Վերջում տիկին Բախշյանը հավելեց, որ այն, ինչ ասում է Արթուր Աղաբեկյանն, իրեն չի բավարարում և իրեն հուզող հարցերի պատասխանները նրա խոսքում չկան:

 

Աղավնի Սուքիասյան