ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:
-Տիկին Թադևոսյան, որպես տնտեսագետ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի տնտեսական վիճակը:
-Պաշտոնական վիճակագրությունը, միջազգային կազմակերպությունների գնահատականները ակնհայտ ցույց են տալիս, որ Հայաստանում այս տարի գրանցվել է տնտեսական անկում: Նույնիսկ կա այն կարծիքը, որ զրոյական կլինի տնտեսական աճը, այսինքն՝ ոչ մի տնտեսական ձեռքբերում ՀՀ-ն չի ունենա: Խնդիրն այն է, որ Հայաստանի համար 2015 թվականը տնտեսական չենք կարող համարել, որովհետև կառավարությունը չուներ հատուկ տնտեսական ծրագիր, դա իրականացնելու ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն: Դրա արդյունքում էլ եղավ այն, ինչն արդեն հայտնի է: Դրան մի քանի հանգամանքներ խանգարեցին՝ քառօրյա պատերազմը, «Սասնա ծռեր»-ի ընդվզումը, նոր Կառավարության ձևավորումը: Սրանք գործընթացներ էին, որոնք միայն քաղաքական դաշտում կարելի է քննարկել: Տնտեսական ձեռքբերումներ, որպես այդպիսին՝ տեղի չունեցան: Հետևաբար՝ տնտեսությունն ամբողջովին դուրս մնաց պետության ուշադրությունից: Տեղի ունեցած իրադարձություններն աշխարհի ուշադրությունը ևս գրավեցին և տնտեսական գործակալներն իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կորցրին: Մեր ներքին ռեսուրսները բավական չեն տնտեսական աճ ապահովելու համար: Այդ տնտեսական ռեսուրսները բավարար կլինեին, եթե լիներ տնտեսական բավարար միջավայր, և այդ ռեսուրսները մնային Հայաստանում: Այն կապիտալը, որը կուտակվում է Հայաստանում, դա էլ է փախչում: Այս տնտեսական իրավիճակում բնակչության լայն զանգվածներն աղքատանում են ամեն օր, ամեն ժամ: Մի հետաքրքիր դիտարկում եմ ուզում անել: Երբ մեր իշխանությունները խոսում են աղքատության մասին, նրանց թվում է, թե աղքատությունը չքավորությունն է կամ աֆրիկյան աղքատությունը, որտեղ կա պարենային հիմնախնդիր: Հայաստանում պարենային հիմնախնդիր չկա, պարենը թափված է այստեղ: Հայաստանի բնակչության 80 տոկոսը աղքատ է, չքավոր չէ, բայց աղքատ է, որովհետև տեսնում է, բայց չի կարող ձեռք բերել:
-Կառավարության փոփոխությունն ինչ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա, թե դեռ շուտ է այդ մասին խոսելը:
-Գիտեք, փոփոխությունները երբեք միանգամից իրենց դրական արդյունքները տալ չեն կարող: Ինչպես տեսնում ենք, երբ կառավարությունները հանձնում են իրենց պարտականությունները, նոր ձևավորված կառավարությունում առաջին գործը կադրային փոփոխություններն են: Խոսում են կոռուպցիայի մասին, տնտեսության ծայրահեղ ծանր վիճակի մասին, բայց որևէ քայլ՝ տնտեսությունն այդ ծանր վիճակից դուրս բերելու համար, չի արվում: Չեմ էլ կարծում, որ առաջիկա ամիսների ընթացքում կարվի: Հետևաբար՝ երբ նորանշանակ վարչապետն առաջին հարցազրույցում խոսեց կառավարության երկարաժամկետ ծրագրի մասին, մենք փորձեցինք ուղղել նրա այդ երկարաժամկետ ծրագրերով հանդես գալու հայտարարությունը, որից հետո նա սկսեց խոսել կարճաժամկետ ծրագրերի մասին: Բայց նույնիսկ կարճաժամկետ ծրագրեր՝ նա չի կարող իրականացնել, որովհետև զբաղված են լինելու քաղաքական գործընթացներով, այնինչ Կառավարությունը պետք է զբաղվի տնտեսական խնդիրներով: Նոր տարին կանցնի ու կսկսվի Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Ամբողջ իշխանությունները ներգրավված են լինելու այդ գործընթացում: Դրա վառ ապացույցն այն է, որ վարչապետը կուսակցություն մտավ 7000 անդամանոց թիմով: Դա նշանակում է, որ քաղաքական գործընթացներն ամբողջությամբ կլանեցին և որևէ տնտեսական ձեռնարկում չի երևում, և դժվար թե առաջիկա 6 ամիսների ընթացքում տեսնենք:
-Արդյոք ամեն ինչ կախված է Կառավարությունից:
-Ամեն ինչ չէ, որ կախված է Կառավարությունից: Կառավարությունը պետք է կարողանա ստեղծել այն բարենպաստ միջավայրը, որտեղ շուկայական տնտեսություն է, մասնավոր սեփականություն է: Պետք է ստեղծել այն միջավայրը, որը թույլ կտա տնտեսական գործակալներին՝ իրենց գործունեության միջոցով նպաստելու երկրի զարգացմանը: Եթե ազատ շուկայական հարաբերություններ չկան, եթե ամբողջովին քաղաքականացված է միջավայրը, այսինքն՝ ցանկացած որոշում կայացնելու համար «Հանրապետական» կուսակցության «դաբռոն» պետք է լինի, այդպես տնտեսությունը չի կարող զարգանալ: Կուսակցությունն իր ամբողջ գործունեությամբ թափանցել է ցանկացած ոլորտ, նրանք ամենուրեք են և ամենուրեք կատարում են միայն խոչընդոտելու, խանգարելու, փչացնելու, խեղաթյուրելու գործընթաց: Այդ պարագայում սպասել, թե Կառավարությունն ինչ-որ մի գործ պետք է անի.... Կառավարությունը թող գյուղացու ոռոգման ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի գինը էժանացնի, աշխատելու հնարավորություն տա, ստեղծի նորմալ ենթակառուցվածքներ: Նրանք հո գյուղացու տեղը չեն աշխատելու: Գյուղացին ինքը կստեղծի: Գիտեք, այն պարադոքսը, որը կա Հայատանում և որը սկսվել է նմանատիպ իշխանությունների ջանքերով, աբսուրդ է: Աշխատող, մտածող, խելացի մարդը վատ է ապրում: Նման բան աշխարհում գոյություն չունի: Վատ են ապրում տգետները, չաշխատողները: Հայ ազգը այդպիսին չէ: Ասում են՝ եթե դու այդքան խելոք ես, ինչու ես աղքատ: Մեր ազգը խելոք է, բայց աղքատ: Ուրեմն՝ ինչո՞ւմն է խնդիրը. իշխանությունները խանգարում են, որ մարդը հարստանա, որովհետև ուզում են միայն իրենք հարստանան: Կառավարության աշխատանքի արդյունքը կլինի կենսամակարդակի բարձրացումը: Ինձ պետք չի իրենց թվերը, ես իրենց թվերի երեսը նայել չեմ ուզում, ես շատ լավ գիտեմ, թե ինչ վարժ նկարչությամբ են զբաղված: Ամենակարևոր ցուցանիշը գյուղացու դեմքն է, գյուղացու դեմքի վրա կա մտահոգությո՞ւն, թե՞ ունի ժպտալու հնարավորություն: Եթե մտնում ես գյուղ ու տեսնում ես երիտասարդ, ուրեմն լավ է, եթե գյուղում ծերեր են կամ ամբողջովին դատարկվել է, ինչ է նշանակում տնտեսական զարգացում: Այդպիսի տնտեսական զարգացումը չեմ հասկանում: Որ օրը ես կմտնեմ գյուղ, կտեսնեմ գյուղացին հարուստ է ապրում, այդ դեպքում կհամարեմ տնտեսական զարգացում:
Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի