Կառավարության որոշմամբ՝ կստեղծվի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, որի նպատակն է լինելու զարկ տալ Հայաստանում ռազմարդյունաբերությանը: Կառավարության բերած հիմնավորումների մեջ նշվում է, որ ի թիվս այլ հանգամանքների, հիմնադրամ ստեղծելու շարժառիթներից մեկն էլ ապրիլյան պատերազմից հետո արված վերլուծություններն ու եզրահանգումներն են:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը կարծիք հայտնեց, որ Կառավարության այդ որոշումն ուշացած է և պետական մակարդակով բանակաշինությանն ու ռազմական տեխնիկայի արտադրությանը զարկ տալը վաղուց էր պետք սկսել: «Շատ ավելի վաղ էր պետք ստեղծել նման հիմնադրամ և ռազմարդյունաբերությունը մշտապես պետք է գտնվեր պետության ուշադրության կենտրոնում: Հիմա նման հիմնադրամի ստեղծումը մի փոքր ուշացած է, բայց դրական քայլ եմ համարում. ավելի լավ է ուշ, քան երբեք: Հայաստանում ռազմարդյունաբերությունը զրոյական վիճակում չէ, մենք ունենք շատ մասնագետներ, ովքեր լուրջ գիտելիքներ ունեն: Հիմա պետք է, որ նրանք պետության կողմից աջակցություն ստանան և իրենց գիտելիքները ներդնեն այս ոլորտում: Եկել է ժամանակը, որ պետությունն այդ մասնագետների կողքին կանգնի:
Հաշվի առնելով հայկական բանակում առկա չարաշահումներն ու վերջին սկանդալային հայտարարությունները՝ չկա՞ մտավախություն, որ զինտեխնիկայի գնագոյացման և վաճառքի հետ կապված հարցերը կդառնան կոռուպցիոն նոր սկանդալների հիմք հարցին՝ գեներալ-մայորը պատասխանեց. «Չի կարելի բացառել դա, բայց հարկ եմ համարում նշել, որ այն մարդիկ, ովքեր մեղադրվել են նման արարքների համար, հիմա բանակում չեն, և կարծում եմ, որ հակակոռուպցիոն կենտրոնը շատ ավելի լավ աշխատանք կտանի այս հարցում: Իհարկե, նոր նախարարին լավ չեմ ճանաչում, բայց եկել են նոր մարդիկ, ես աշխատում եմ մի քանի հոգու հետ, ովքեր ռազմական ոլորտում շատ լուրջ գործեր են ստեղծում:
Գեներալի փոխանցմամբ՝ հայ մասնագետները զինտեխնիկայի արտադրության հարցում առաջատար են եղել անգամ սովետական շրջանում: Խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զենքերի մասին՝ Արկադի Տեր-Թադևոսյանը նկատեց, որ զենքի մատակարարումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ Հայաստանը զենք ստացել է ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ԱՄՆ-ից, ինչի մասին, չգիտես ինչու, շատ քիչ է խոսվում:
Աղավնի Սուքիասյան