Օրերս քաղաքացի Սամվել Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում մի հայտարարություն էր տարածել, որտեղ մեղադրել էր ԿԲ-ին` անձնական բնույթի տեղեկատվությունն անօրինական կերպով այլ անհատներին տրամադրելու, բիզնեսի խլման գործթացին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

 

Պարզվում է, երբ Սամվել Սահակյանն ու իր կինը ԿԲ-ում վարկային կազմակերպության հետագա գործունեության հետ կապված փաստաթուղթ են մուտքագրել այդ ընթացքը ֆիքսել են Կենտրոնական բանկի տեսախցիկները, որն այնուհետև առանց որևէ օրինական հիմքի տրամադրվել է մասնավոր անձի: Վերջինս լուսանկարներն ուղարկել է Սամվել Սահակյանին, հանդիպում պահանջել, այնուհետև սկսել սպառլնալիքներ բանեցնել:


Զավեշտալի է Կենտրոնական բանկի` ձայնագրությունը տարածելու վերաբերյալ պատասխանը. Կենտրոնական բանկից պնդում են` պարզաբանումներ պահանջելու նպատակով հրավիրել է կազմակերպության նոր բաժնետիրոջ ներկայացուցչին` միևնույն ժամանակ նրան տրամադրելով քաղաքացիների ընդունելության սրահի կադրերը` հորդորելով պարզել, թե ո՞վ է իրականում կազմակերպության անունից Կենտրոնական բանկ նամակ մուտքագրել: Ցավոք, նախաքննության արդյունավետությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով, ներկա փուլում այլ մանրամասներ հայտնել չենք կարող:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Սահակյանը ԿԲ-ի պատասխանի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ ՀՀ կենտրոնական բանկը փորձում է լղոզել իր կողմից թույլ տված ապօրինությունը: Փաստն այն է, որ ՀՀ ԿԲ-ի անվտանգության տեսախցիկներից օգտվել են ինչ որ մարդիկ իրենց մասնավոր և ապօրինի նպատակներին հասնելու համար:

 

«Իսկ հիմա ընթանում է այս ապօրինությունն ամեն գնով լղոզելու և օրինականություն հաղորդելու գործընթացը: ՀՀ-ում գոյություն չունի որևէ օրենք, որին հղում անելով`Կենտրոնական բանկը կարող էր մասնավոր անձին հանձնել իր տարածքում իրականացված տեսաձայնագրությունը: Նույնիսկ իրավապահ մարմինները նման ձայնագրություն ստանալու համար գրավոր դիմում են գրում և մինչև նախաքննության ավարտը տեսաձայնագրությունը համարվում է նախաքննական գաղտնիք:

 

Այսպիսով, մենք գործ ունենք ակնհայտ ապօրինության հետ, որն ուղղակի ապօրինությունների շքերթի միայն երևացող մասն է: Իհարկե, ԿԲ շահագրգռված է այս փաստը կոծկելու և լղոզելու գործում, սակայն ես պատրաստվում եմ այս հարցում ներգրավել միջազգային անկախ փորձագետների»,- ասաց մեր զրուցակիցը:

 

-Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԿԲ-ն հայտարարել է, որ ձեր ներկայացրած դիմումում կա կեղծ ստորագրություն, ինչի՞ մասին խոսքը:


-ԿԲ-ն նախաքննության մարմին չէ, որպեսզի նման հայտարարություն անի: Կրկնում եմ` ՀՀ Կենտրոնական բանկը նախաքննություն իրականացնելու որևէ լիազորություն չունի: Գոյություն ունի դատաձեռագրաբանական փորձաքննության կենտրոն, որը նախաքննության ժամանակ կտա այդ հարցի պատասխանը: Ամեն դեպքում, դիմում եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, քանի որ ինձ թափանցիկ ակնարկել են, որ կարող են գնել ՀՀ-ում ցանկացած փորձաքննության արդյունք: Հայտնի նաև, որ դատաձեռագրաբանական փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ի ֆինանսավորման մեծ մասն իրականացնում է ԱՄՆ դեսպանատունը` այդ կապակցությամբ հրավիրում եմ դեսպանի ուշադրությունը տվյալ գործընթացի վերաբերյալ: Ի վերջո, բացի տեսաձայնագրություններից` այս ամբողջ գործընթացը միտված է պետական մասշտաբով կազմակերպաված ռեկետի, որը զուգորդվում է իմ և իմ ընտանիքի անդամների ահաբեկմամբ:


-Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:


Առանձին նամակներով դիմելու եմ ՀՀ նախագահին, քանի որ սա քաղաքացու անվտանգության հարց է, ՀՀ վարչապետին, քանի որ բիզնես միջավայր չի կարող գոյություն ունենալ, եթե ռեկետով զբաղվողը կարող է Կենտրոնական բանկից հանգիստ ձեռք բերել անձնական բնույթի տեսաձայնագրություններ, այնուհետև իր ուզած ձևով օգտագործել, ՄԻՊ-ին, քանի որ սա մարդու իրավունքների խայտառակ խախտում է, ՀՀ-ում իրավապահ մարմինների ղեկավարներին, քանի որ սա քրեադատավարական բնույթի խնդիր է: Այս ամենն ընթանալու է լայնածավալ լուսաբանմամբ և միանգամայն թափանցիկ: Ես, իհարկե, գիտեմ նման հարցերը սովորաբար լուծվում են մարդկանց լռեցնելու փորձերով ու ահաբեկման մեթոդիկայով, սակայն այս անգամ հասարակությունը հնարավորություն կունենա իր աչքի առջև տեսնել, թե ինչպես են փողով ու ադմինիստրատիվ ռեսուրսներով «ֆռռացնում» և լղոզում իրականությունը: ՀՀ Կենտրոնական բանկին էլ մաղթում եմ հաջողություն` տեսագրությունները բանկից ապօրինի դուրս բերելն ու ինձ ահաբեկողներին տրամադրելը հանրությանը բացատրելու ծանր գործում:

 

Ն.Ա.