Եզդիների համար 2016 թվականը բավական ծանր տարի էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանն՝ ամփոփելով անցնող տարին: 

 

«Եզդիական համայնքը մեծ ցավ էր ապրում ապրիլյան քառօրյա պատերազմում քաջաբար զոհված յուրաքանչյուր զինվորի համար՝ կլինի դա հայ, թե` եզդի: Ինչպես անցյալում, այնպես էլ այս ագամ եզդիները ևս կանգնեցին իրենց հայ եղբայրների կողքին՝ կռվելով հայրենիքի և սուրբ հողի համար: Այդ քառօրյա պատերազմում հայերի կողքին զոհվեց երեք եզդի զինվոր՝ Քյարամ Սլոյանը, Բորիս Օզմանյանը, Համլետ Հաջոյանը: Երեքն էլ այսօր համարվում են եզդի ազգի հերոսները, որոնց անուններով ու սխրագործություններով հպարտանում է ողջ եզդի ազգը»,- նշեց Ավդալյանը: 

 

Խոսելով Հայաստանի եզդիական համայնքի խնդիրների մասին՝ Ավդալյանն ասաց՝ համայնքը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև. «Մի կողմից եզդիներին քրդացնելու քաղաքականությունը, մյուս կողմից աղանդավորությունը լուրջ սպառնալիքներ են ստեղծում եզդի ազգի հետագա գոյության համար: Այս խնդիրները նոր չեն, դրանք կային նաև նախկինում, սակայն 2016-ին ավելի մեծ թափ են ստացել: Այս երկու խնդիրներին միացել է նաև արտագաղթը, որի հիմնական պատճառը սոցիալական անբարենպաստ պայմաններն են: Արտագաղթողների մեծ մասը տեղափոխվում են հիմնականում ՌԴ և եվրոպական երկրներ: Այս հարցերի մասին բարձրաձայնել եմ ինչպես դեկտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, այնպես էլ երեկ վարչապետի օգնականների հետ հանդիպման ու ծավալուն քննարկման ժամանակ»:

 

Նրա խոսքով՝ վերը նշված քրդացման, աղանդավորության դեմ պայքարի միակ տարբերակը եզդիների համախմբվածությունն է իր ազգային կրոնի ու ավանդույթների շուրջ, որոնց շնորհիվ եզդիները հազարամյակների ընթացքում պահպանել են իրենց ազգային դիմագիծը: «Իսկ արտագաղթի դեմ պայքարի միակ տարբերակը սոցիալական պայմանների բարելավումն է, աշխատատեղերի ստեղծումը, քանի որ եզդի երիտասարդներն այսօր, անխոս, ունեն աշխատանքի կարիք: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի եզդիական համայնքն այսօր գտնվում է լուրջ մարտահրավերների առաջ»,- ամփոփեց «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը: