Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Շնորհավորանքում ասվում է.
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Լեհաստանը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ եւ նրա Եվրամիության հետ մերձեցմանը սատարող, ողջունում է Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումները, ժողովրդավարության ընդլայնումը եւ քաղաքացիական հասարակության կառուցումը: Լեհաստանը կօգնի եւ կաջակցի Հայաստանին Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագրի գործում ընթացող բանակցություններին»,-ասված է Լեհաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը:
«Պարո՛ն նախագահ,
Իմ եւ իմ ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ Ձեր պաշտոնավարման նոր փուլի կապակցությամբ եւ մաղթում ամենայն բարիք ու հաջողություն:
Գերմանիան մեծ ակնկալիքներով հետեւում է Ձեր երկրում ընթացող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների գործընթացին եւ այսուհետ եւս Հայաստանի վստահելի գործընկերը կլինի երկկողմ հարաբերություններում, ինչպես նաեւ Եվրամիության շրջանակում»,-ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: