Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան օրակարգին անցնելը մի շարք հանձնարարություններ տվեց տարբեր ոլորտների նախարարներին:

 

Կարեն Կարապետյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց ներկայացնել առաջարկություններ՝ նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերի կենտրոնացման վերաբերյալ, ինչպես նաև ապահովել ժամանակավոր անաշխատունակության և աշխատող քաղաքացիների մայրության նպաստների նշանակման վճռման արդարացիությունն ու արդյունավետությունը:

 

«Այս բոլոր գործառույթները պետք է լիազորել՝ համապատասխան դաշտը նշելով, զանգվածը նշելով՝ ում համար ենք դա անում, որպեսզի կատարեն համապատասխան կառույցները: Ռեալ, շատ կարևոր հանձնարարական է, պրինցիպիալ տրամաբանությունն ու փիլիսոփայությունը փոխող: Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալապես անապահով դաշտում հայտնվել: Եվ այդ իսկ պատճառով՝ մեր սոցիալական նպաստների թիվն աճում էր, փաստ չէր, որ հասնում էր նրանց, ում որ կարիք կա, և մենք դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու կամ որոնելու ցանկությունը»,- նշեց Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետը Առողջապահության նախարարությանը և ՀՀ մարզպետներին առաջարկեց տեղական ինքնակառավարման մարմինների հետ ուժեղացնել հսկողությունը՝ բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրման գործընթացի նկատմամբ:

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին վարչապետը հանձնարարեց համատեղ առաջարկություններ ներկայացնել նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ հսկողությունը, արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

 

Սոնա Հարությունյան