Այս գիշեր Ադրբեջանը խախտել է հրադադարը. ադրբեջանցի դիվերսանտները փորձել են ներթափանցել այլ պետության տարածք՝ դիվերսիոն հարձակման փորձ իրականացնելով ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում: Մարտերը շարունակվել են մինչև կեսօր: Հայկական կողմն ունի երեք զոհ,  և սա այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի օր առաջ՝ Սանկտ-Պետերբուրգում կայացավ  ՀԱՊԿ Վեհաժողովը, որի նպատակն է պաշտպանել անդամ պետությունների անվտանգությունը՝ ռազմաքաղաքական ագրեսորներին, ինչպիսին Ադրբեջանն է:

 

Հետաքրքրական է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից բացի, Ադրբեջանը խախտեց սահմանամերձ Չինարիի անդորրը հատկապես այս օրերին, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ղարաբաղյան հակամարտության լուծման մասին ՀԱԿ համագումարի ժամանակ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

 

Ադրբեջանը, հարձակման ենթարկելով հայաստանյան սահմանները՝ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ կարող է ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում, իսկ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցող Հայաստանին փորձում է դրանով  ներքաշել որպես հակամարտող կողմ: Ակնհայտ է, որ ագրեսիվ վարքագծով միջազգային հանրությանը հայտնի Բաքուն ինչ-որ բան է ցույց տալիս նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ իր դժգոհությունն արտահայտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ այդ կառույցի դիրքորոշումների և հարցի կարգավորման շուրջ տարվող աշխատանքների կապակցությամբ:

 

Դիվերսիոն ներթափանցման փորձեր ծրագրելով և իրականացնելով Հայաստանի սահմանին՝ Ալիևը հերթական անգամ աչք է փակել նաև ՀԱՊԿ-ի գոյության վրա:

 

Հիշեցնենք, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ այս կառույցի խնդիրներն են՝ բանակների եւ օժանդակ ստորաբաժանումների համատեղ ջանքերով պաշտպանել անդամ-երկրների տարածքային-տնտեսական տարածությունը ցանկացած արտաքին ռազմաքաղաքական ագրեսորներից, միջազգային ահաբեկիչներից, ինչպես նաեւ խոշոր չափերի բնական աղետներից:

 

Եթե նախկինում ադրբեջանական զինուժի և դիվերսանտների կողմից Հայաստանի սահմանների վրա հարձակումները չէին արժանանում ՀԱՊԿ-ի ուշադրությանը, ապա այս անգամ այդ կառույցը խախտեց լռությունը: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքեց Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությանը:

 

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունում առանձնահատուկ տագնապով ընդունեցին Հայաստանի հանրապետության Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին տեղեկությունը:

 

ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները գնահատում ենք սադրիչ, հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին»,- ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ նշում է Բորդյուժան:

 

Այն,  որ ՀԱՊԿ-ն անտարբեր չգտնվեց և արձագանքեց Հայաստանի պետական սահմանների անվտանգությունը խարխլել փորձող ագրեսոր Ադրբեջանի գործողություններին, դրական է,  բայց վատ է, որ նման կառույցի կողմից մենք չստացանք ավելի կոշտ, հասցեական դիվանագիտական պատասխան, ՀԱՊԿ-ը չտվեց «սադրիչի» անունը:

 

Հարց է առաջանում՝ ինչն է խանգարում  ՀԱՊԿ-ին՝ Ալիևին իր ճիշտ տեղը ցույց տալ...

 

Աղավնի Սուքիասյան